Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները հունիսի 7-ին պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք բացահայտեցին:
Բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Հրազդան քաղաքի երկու բնակիչ Կոճոռ թաղամասի հարակից դաշտավայրից ապամոնտաժել և գողացել էին Հրազդանի համայնքապետարանին պատկանող 75 մմ տրամաչափի մոտ 125 մետր երկաթյա խողովակ:
Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո կասկածվողները բերման ենթարկվեցին ոստիկանության Հրազդանի բաժին:
Պարզվել է, որ հունիսի 1-ին նրանցից մեկի JSB մակնիշի տրակտորով քանդել, ապամոնտաժել էին խողովակները և տեղափոխել մյուսին պատկանող չգործող սննդի օբյեկտի տարածք:
Գողոնը հայտնաբերվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: