Տիկին Նովելլան Հադրութից ամենավերջինը դուրս եկած բնակիչներից է: Արդեն մի քանի ամիս է՝ ընտանիքով բնակություն են հաստատել Հայաստանում: Այս պահին առողջական խնդիրներ ունի, բուժում է ստանում Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում:
Նովելլա Պետրոսյան - Պետպատվերով, այո, ոտքերս թույլ ա, թմրած ա:
Երկու ամիս առաջ էլ վիրահատվել է: Դարձյալ պետպատվերով: 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի առողջապահության նախարարության կայացրած որոշման համաձայն՝ Արցախի գրանցում ունեցող, բայց Հայաստանում բնակվող կամ տվյալ պահին Հայաստանում գտնվող քաղաքացիները հոկտեմբերի 1-ից՝ որպես պատերազմից տուժած անձ, անվճար բուժօգնություն են ստանում՝ սկսած նորագույն և թանկարժեք սարքավորումներով հետազոտություններից՝ համակարգչային տոմոգրաֆիայից մինչև աչքի վիրահատություն, քարափշրումներ, սրտի ստենտավորում:
Ծաղիկ Վարդանյան (ՀՀ ԱՆ ՊԱԳ պետ) - Նախևառաջ պետք է նշեմ, որ առողջության առաջնային պահպանման օղակում նրանք թույլտվություն ստացան ժամանակավորապես ընտրելու իրենց բժշկին և հաճախելու պոլիկլինիկա, բացի այդ՝ ամբողջ բազայով, բոլոր արցախցիները, ովքեր գտնվում էին Հայաստանում, կցագրվեցին «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնին, որպեսզի թույլտվություն ստանան: Սա աննախադեպ է, քանի որ կցագրում գործող կարգավորումներում չկա, այն արվել է բացառապես արցախցիների համար:
Սա արվել է Արցախի քաղաքացիներին ավելորդ քաշքշուկներից ազատելու համար: «Գրիգոր Լուսավորչից» արդեն, ըստ նեղ մասնագիտական կարիքների, ուղեգրվել են տարբեր հիվանդանոցներ:
Ծաղիկ Վարդանյան - Նրանք ունեն ամենածավալուն ծառայությունների փաթեթը, որը նախատեսված է պետական պատվերի համար: Դա նշանակում է հիվանդանոցային ծառայությունների բազային փաթեթ, նորագույն, թանկարժեք տեխնոլոգիաներով բուժօգնություն: Ամենածավալուն փաթեթը: Համեմատության համար կարող եմ ասել, որ նա հավասար է մեր առաջին կարգի հաշմանդամություն ունեցող անձանց, 28 և ավելի անապահովության բալ ունեցող ընտանիքներին տրվող փաթեթին:
Մինչև այս պահը շուրջ 7500 արցախցի է Հայաստանում ստացել հիվանդանոցային բուժում: Դա կազմել է մոտ 680 մլն դրամ: Ամենաշատ կատարված վիրահատություններն են սրտինն ու աչքինը. շուրջ 600 սրտի վիրահատական միջամտություն, 730՝ աչքի: Արցախցիների աջակցության այս ծրագիրը դեռ ընթացքի մեջ է: