«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօրվա քարոզարշավը սկսեց Թումանյանի այգու մոտից, շրջեցին Աջափնյակ վարչական շրջանում: Գևորգ Գորգիսյանը հայտարարեց՝ իրենց քաղաքական ուժը ընտրապայքարի մեջ է մտել՝ համախմբելու, ազգային համերաշխություն ձևավորելու, համատեղ ուժերով երկիրը ծանր վիճակից հանելու համար:
Գևորգ Գորգիսյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, ԼՀԿ) - Հազարամյակներով, ինչքան ուզում է հետ գնանք պատմության մեջ, երբ պառակտված ենք եղել, երբ մեր երկրում ժողովուրդն իրար դեմ է պայքարել, ունեցել ենք սահմանների խախտում, տարածքների կորուստ, ընդհուպ մինչև պետականության կորուստ: Ծովից ծով Հայաստանից մնացել է մի բուռ հայրենիք, էլի նույն խնդիրներն ենք ստեղծել, նույն սխալներն ենք ուզում կրկնել: Սրա համար ԼՀԿ-ն ամեն ինչ անելու է, որ համերաշխություն լինի, համատեղ ուժերով առաջ շարժվենք:
Գորգիսյանի խոսքով՝ հակառակ դեպքում, եթե ԼՀԿ-ն չունենա բավարար լծակ՝ զսպելու երկու կողմից եկող լարվածությունը, հնարավոր է՝ հունիսի 20-ից հետո լինեն բախումներ: Անվտանգության կարևոր բաղադրիչը «Լուսավոր Հայաստանի» համար պետական սահմանի պաշտպանությունն է: ԼՀԿ-ն նախատեսում է առաջնագծում մարտական հերթապահության համար ժամկետային զինծառայողներին փոխարինել պրոֆեսիոնալ պայմանագրային զինվորականներով:
Անի Սամսոնյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, ԼՀԿ) - Ամբողջ սահմանը պետք է կահավորվի հատուկ ինժեներատեխնիկական սարքավորումներով, ժամանակակից սարքավորումներով, որպեսզի նաև այն հարցը չբարձրանա, թե արդյոք Հայաստանն ունի՞ այդքան ռեսուրս, Հայաստանն ունի՞ այդքան զինվոր, որ կարողանա պատերազմից հետո նոր ձևավորված սահմանը պաշտպանի:
Հունիսի 20-ի ընտրություններում հաջողության հասնելու դեպքում «Լուսավոր Հայաստանը» նախատեսում է ընդլայնել նախագահի և խորհրդարանի լիազորությունները:
Գևորգ Գորգիսյան - Հիմա ունենք սուպերվարչապետական համակարգ, ինչը բերել է նրան, որ կա վարչապետ՝ չփոխզսպված մեխանիզմներով, գրեթե բացարձակ իշխանությամբ: Խոսքը վարչապետից լիազորությունների մի մասը վերցնելու և նախագահին ու ԱԺ-ին տալու մասին է, որպեսզի ունենանք ավելի հավասարակշռված համակարգ, և մի անձից կախված չլինի երկրի ճակատագիրը:
«Լուսավոր Հայաստանն» ընտրություններին կմասնակցի «Կա՛ այլընտրանք, քվեարկի՛ր» կարգախոսով:
Ներկայացնելով ծրագրային դրույթները՝ քաղաքական ուժը հորդորեց աջափնյակցիներին՝ ձայնը տալ 9-րդ համարին: