Իզմիրի դատարանը Թուրքիայի առողջապահության նախկին նախարար Ռիֆաթ Սերդարօղլուին, ով վերջերս հիմնադրել է իր «Աջ» կուսակցությունը, 23 ամսվա և 10 օրվա ազատազրկման է դատապարտել 2018-ին նախագահ Էրդողանին վիրավորող հոդվածի համար, գրում է Ahval-ը:
«Եվս մեկ դատ, ևս մեկ դատավճիռ, 23 ամիս և 10 օր: Երդվում եմ, որ բանտ չեմ ընկնի, մինչև գողերի կայսրությունը չոչնչացնեմ և նրանց բանտ չնստեցնեմ»,- գրել է նախկին նախարարը Twitter-ում, որը հրապարակվել է կուսակցության պաշտոնական էջում։
Թուրքիայի նախագահին քննադատելու համար 1 տարի 2 ամիս ազատազրկման է դատապարտվել ևս մեկ քաղաքացի՝ Յավուզ Աթանը: Մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ 56-ամյա Աթանը 2020 թ. սոցցանցերում «Էրդողանի հասցեին վիրավորական 4 գրառում է արել»:
Նշենք, որ Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝ երկրի նախագահին վիրավորելը համարվում է հանցագործություն և պատիժ է սահմանվում մինչև 4 տարի ազատազրկումը։
Դատարանի որոշմամբ՝ Աթանի նկատմամբ սահմանված պատիժը փոխարինվել է դրամական փոխհատուցմամբ: Նա Էրդողանին պետք է վճարի 7000 թուրքական լիրա՝ (մոտ 424.000 դրամ) որպես բարոյական փոխհատուցում։
Աթանի փաստաբանը դատական նիստից հետո հայտնել է, որ Թուրքիայում այժմ մեղք է համարվում ազատ արտահայտվելու և քաղաքական քննադատություն անելու իրավունքը:
«Այսօրվա դատական համակարգն այլևս չի կարողանում հանդուրժել նույնիսկ ամենաաննշան քննադատությունը»,- ասել է փաստաբանը: