Հունիսի 7-8-ը Լյուքսեմբուրգում այցով գտնվող դեսպան Տիգրան Բալայանը հանդիպումներ է ունեցել Լյուքսեմբուրգի կարդինալ Ժան Կլոդ Հոլերիշի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահ Սիմոն Բեկի, ԱԳՆ ներկայացուցիչների, խորհրդարանական խմբակցությունների, քաղաքական ուժերի և գործարար շրջանակների հետ։
Տ. Բալայանը կարդինալ Հոլերիշին է փոխանցել Ֆրանցիսկոս պապի՝ 2016 թ. Հայաստան այցից արված լուսանկարը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու ժողովուրդների քրիստոնեական ինքնությանը և բարեկամական կապերին։ Զրուցակիցներն խոսել են Հայ Առաքելական և Լյուքսեմբուրգի Կաթոլիկ եկեղեցիների միջև շփումները խորացնելու և համատեղ նախաձեռնություններով հանդես գալու փոխադարձ հետաքրքրության մասին։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովի նախագահի հետ հանդիպմանը դեսպան Բալայանը հանգամանալից անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված ռազմական հանցագործություններին, որի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել են Արցախի և հարակից շրջանների՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական-մշակութային հուշարձանները։