Առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը փորձնական նպատակով կներդրվեն Տավուշի մարզի պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել առարկայական նոր չափորոշիչների փորձարկման ուսումնական պլանի նախագիծը, որը նախատեսված է 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում փորձարկող դասարանների համար:
Առաջարկվող նախագծով` ուսումնական հաստատությանը վերապահվում է սեփական ուսումնական պլանը մշակելու գործառույթ:
Փորձարկվող ուսումնական պլանը կունենա երկու բաղադրիչ` պետական և դպրոցական։ Ուսումնական պլանի պետական և դպրոցական բաղադրիչները պարտադիր են և պետական դպրոցներում ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներից:
Պետական բաղադրիչով` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից կսահմանվեն պարտադիր առարկայացանկում ընդգրկված առարկաներին հատկացված նվազագույն ժամաքանակները և երաշխավորված առարկայացանկը:
Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը կհատկացվի դպրոցի կողմից սահմանված նախընտրելի առարկաներին, խմբակներին, ուսումնական նախագծերին՝ սովորողների ընտրությամբ:
Փորձարկող դասարաններում սովորողների շաբաթական ծանրաբեռնվածությունը կսահմանի դպրոցը:
Դպրոցական (անհատական) բաղադրիչի ժամերը` որպես ուսումնական խմբակներ, կհատկացվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված «Առողջ ապրելակերպ» դասընթացին, ինչպես նաև «Մասնագիտական կողմնորոշման ակումբներ» ծրագրին` 8-11-րդ դասարաններում, ռազմամարզական ճամբարների ծրագրին` 10-11-րդ դասարաններում` ՆԶՊ-ի ուսուցման շրջանակում:
Փորձարկող դասարաններում ուսումնական հաստատության կողմից սահմանված առարկաների ծրագրերը երաշխավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի` ԿԳՄՍ նախարարության կողմից։
Ըստ առաջարկվող ուսպլանի` 10-րդ դասարանում դասավանդվում է առնվազն երկու օտար լեզու, որոնցից մեկը ռուսերենն է, մյուսը՝ կա՛մ անգլերենը, կա՛մ ֆրանսերենը, կա՛մ գերմաներենը, կա՛մ էլ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված առարկայական ծրագիր ունեցող որևէ այլ լեզու:
Ավագ դպրոցում ուսուցումն իրականացվում է հիմնական և նպատակային առարկայական ծրագրերով։ Այդ նպատակով դպրոցում ձևավորվում են համապատասխան ուսումնական խմբեր։
Դպրոցի՝ առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկման մեջ չընդգրկված դասարաններում ուսումնական աշխատանքներն ամբողջությամբ իրականացվում են «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանների ընդհանրական պարզաբանումների» պահանջներին համապատասխան:
Ուսումնական պլանով տրված են պարզաբանումներ փորձարկման ծրագրում ներառված բոլոր դասարանների համար նախատեսված ուսումնական բնագավառների և դասավանդվող առարկաների վերաբերյալ:
Առաջարկվում է փորձարկվող դասարանների ֆինանսավորումն իրականացնել` հիմք ընդունելով նոր չափորոշչի հիման վրա մշակված ուսումնական պլանը:
Շահագրգիռ կազմակերպություններն ու մասնագետներն առարկայական նոր չափորոշիչների ու ծրագրերի փորձնական ուսումնական պլանի վերաբերյալ իրենց կարծիքներն ու առաջարկները կարող են ներկայացնել մինչև 2021 թվականի հունիսի 21-ը:
Նշենք, որ 2022-2023 ուսումնական տարում էլ առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկումը կիրականացվի Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների համապատասխանաբար 3-րդ, 6-րդ, 8-րդ և 11-րդ դասարաններում: