Քարոզարշավի երկրորդ օրը «Վերելք» կուսակցության նախագահ Ալեքսան Մինասյանը կուսակիցների հետ Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրում է: Բնակիչները խոսում են իրենց հուզող հարցերի մասին, նշում, որ հիմնական խնդիրն անվտանգությունն է, որ հաճախ չեն կարողանում իրենց առօրյան բնականոն կազմակերպել:
Քաղաքական ուժի անդամներին գյուղացիները ցույց են տալիս նաև Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցիների հենակետերը, պատմում այն ոտնձգությունների մասին, որ իրեն թույլ է տալիս հակառակորդը։ «Վերելք» կուսակցության նախագահը խոստանում է նաև անել հնարավորը՝ սահմանամերձ բնակավայրերի անվտանգությունը ապահովելու համար:
Ալեքսան Մինասյան («Վերելք» կուսակցության ցուցակի 1-ին համար) - Պատերազմը մենք պետք է տեղափոխենք իրենց դաշտ: Մեր երկիրը փոքր է, մենք չենք կարող մեր երկրում պատերազմ անել, դա սխալ է: 74 թվից ծառայության մեջ եմ, ինչ կռիվ եղել է, մասնակցել եմ:
«Վերելքի» վարչապետի թեկնածուն պահեստազորի գնդապետ է, վստահեցնում է՝ բանակը լավ գիտի: Առաջնային ծրագրերում են նաև ռազմարդյունաբերության ու զինվորականների սոցիալական հարցերը: Բնակիչների հետ զրույցներում արձանագրում են նաև, որ գյուղատնտեսության արտադրանքը սպառելու խնդիր կա: Մինասյանը խոստանում է, որ խորհրդարանում հայտնվելու դեպքում սահմանամերձ համայնքների բոլոր խնդիրները լինելու են իրենց դիտակետում: