«Պատիվ ունեմ» դաշինքի վարկանիշն աճում է, իշխող ուժինը՝ նվազում: Այսօր հայտարարեց Էդուարդ Շարմազանովը, որը դաշինքի ցուցակում ներառված չէ: Նա դժգոհ է իշխող ուժի քարոզարշավային բառապաշարից, նաև՝ զարմացած միջազգային կառույցների լռությունից:
Էդուարդ Շարմազանով (ՀՀԿ խոսնակ) - Շատ կասկածելի լռություն է, մեր պատկերացրած Հայաստանում ժողովրդավարությունը պետք է գերիշխի, իսկ ժողովրդավարություն ու հայհոյանք անհամադրելի են:
Մյուս բանախոսը կրկին ցուցակում չներառված դաշինքի ընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանն է, որն էլ իշխող ուժին մեղադրեց ստահոդ լուրեր տարածելու համար, իսկ արձագանքելու միակ եղանակը փաստերով խոսելն են համարում:
Դավիթ Հարությունյան («Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբի ղեկավար) - Փաստերով, կարծում եմ, որ կխոսենք շատ շուտով, երբ ժամը լրանա:
Նախկին իշխանության ներկայացուցիչները պետության ներկայիս իրավիճակի համար միայն գործող ուժին են մեղավոր տեսնում: Գործող իշխանության ներկայացուցչները, ըստ դաշինքի անդամների, մոռացել են պետության անվտանգության ու գերիների խնդրի մասին, թուլացրել են Հայաստանի դիրքերը ու չեզոքացրել դիվանագիտությունը: Վստահեցնում են՝ իրենց նպատակը բանակցությունների միջոցով երկարատև խաղաղության հասնելն է:
Էդուարդ Շարմազանով - Ալիևի, Էրդողանի, բոլորի հետ իրենք վարվելու են առանց ավելորդ պոպուլիզմի, առանց անձնական վիրավորանքի, առանց սուտի շոուների, դրա համար կա դիվանագիտություն, որը բանեցնելու ենք:
Ներկա պահին դաշինքը առաջնային խնդիրն է համարում քաղաքացիական բախումներից զերծ մնալը, իսկ իշխանության գալու պարագայում՝ պետության գահավիժումը կասեցնելը:
Հեղինակ՝ Անի Օհանյան