«Արդար Հայաստան» կուսակցությունն այսօրվա քարոզարշավն անցկացրեց Երևանում՝ քայլարշավով: Քաղաքական ուժի անդամներն ընտրապայքարի են դուրս եկել՝ վերականգնելու օրինականությունն ու ստեղծելու քաղաքական առողջ միջավայր:
Նորայր Նորիկյան, «Արդար Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համար - Այսօր մենք կանգնած ենք ինստիտուցիոնալ պետական իշխանության համակարգ ձևավորելու առաջ։ Հունիսի 20-ը լավ հնարավորություն է՝ իրապես արդար, նոր, թափանցիկ ընտրությունների միջոցով ձևավորելու նոր իշխանություն։
Նորաստեղծ քաղաքական ուժը փորձելու է փոխել քաղաքական մշակույթը, խոսել միայն ծրագրերից։ Առաջին քայլը, որ կանեն խորհրդարան անցնելու դեպքում, գործի կդնեն նոր ազգային անվտանգության հայեցակարգի դրույթները։ Պետք է վերականգնել ոչ միայն բանակը, այլև, ընդհանրապես, պաշտպանական համակարգը։ Ժամկետային ծառայության ժամկետը դարձնելու են 18 ամիս։
Նորայր Նորիկյան - Մենք անհրաժեշտ ենք համարում պահեստազորային բանակի կայացումը։ Երեք տարվա ընթացքում ես դա հնարավոր եմ համարում: Խորքային բարեփոխումներ ենք պատկերացնում զինված ուժերում՝ սկսած ժամկետային ծառայության կոմպոնենտը վերափոխելը դեպի պրոֆեսիոնալ բանակ։
Կուսակցության անդամները երեկ եղել են մարզում, և Նորայր Նորիկյանը ևս մեկ անգամ համոզվել է, որ պետք է լուրջ ուշադրություն դարձնել գյուղատնտեսությանը։
Նորայր Նորիկյան - Ես խորապես համոզված եմ՝ առաջիկա տարիներին գյուղի կյանքը փոխելու համար կան անհրաժեշտ նախադրյալներ: Դա ինտենսիվ գյուղատնտեսությունն է, դա հիդրոպոնիկ եղանակով գյուղատնտեսության զարգացման հեռանկարն է, դա ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունն է։
Նորայր Նորիկյանն ակնկալում է, որ քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերն ավելի շատ կխոսեն իրենց ծրագրերից, որոնք միտված կլինեն լուծելու երկրի առաջ ծառացած խնդիրները։