«Ազգային ժողովրդավարական բևեռի» գրասենյակում՝ օրվա քարոզարշավին ընդառաջ, քննարկում է։ Արձանագրեցին․ քաղաքական ուժեր կլինեն՝ կփորձեն կաշառքով քվե ստանալ, կլինեն վարչական ռեսուրսն օգտագործողներ։ Իրենք պետք է հույսը սեփական գաղափարների վրա դնեն։
Քայլերթին ուղեկցելու եկած ոստիկաններին տեղեկացրին․ ընտրողների հետ հանդիպմանը նախապես ընտրած ուղղությունը փոխել են, որ այլ կուսակցության հետ Նոր Նորքում ճանապարհները չխաչվեն։ Շտաբի բակում հիշեցրին քվեաթերթիկում բևեռի համարն ու կարգախոսը։
Քաղաքացին ինչո՞ւ պետք է իր ձայնը հենց ԱԺԲ-ին տա, ի՞նչ լուծումներ են առաջարկում երկրի անվտանգության հարցերից մինչև հարկային խնդիրներ՝ շարադրել են բուկլետներում, բաժանեցին կանգառներում-մայթերին հանդիպած մարդկանց։
«Քաղաքականությունից զզվել է, ընտրության չի գնա» հայտարարող տիկնոջն «Ազգային ժողովրդավարական բևեռի» ներկայացուցիչները սկսեցին տեղում համոզել՝ երկրին տեր կանգնել է պետք։ Անտարբերությամբ Հայաստան չենք պահի:
Քայլերթն անցավ Գայի պողոտայով, մտավ շենքերի բակեր, քաղաքական ուժի տեսակետները փորձեց հասցնել նաև տներից-պատշգամբներից դուրս չեկող ընտրողներին։ Նրանց, ովքեր իրենց քարոզարշավին չմիացան, բայց մեքենա նստելիս կամ վարելիս անպայման կկարդան՝ ինչ ծրագրերով է քվեաթերթիկի 25 համարն ուզում Ազգային ժողով մտնել։ Տնտեսական, սոցիալական ու գիտական հարցերից առաջ ամենակարևորը երկրի սահմանային խնդիրներն են՝ պաշտպանություն-անվտանգություն՝ ասում է քաղաքական ուժի ներկայացուցիչ Արթուր Մովսիսյանը։
Մտնելու ենք խորհրդարան՝ ներսից կոտրելու փտած համակարգը՝ հայտարարեցին։ Մարդկանց հրավիրեցին հարցեր տալու։ Քամին ուժգնացավ, քայլերթը դժվարացավ։ Քարոզարշավի երրորդ օրը փակեցին՝ հիշեցումով․ իրենց ճանաչողներն արդեն գիտեն՝ բևեռը դրած նպատակներից հետքայլ անող-նահանջող չէ։