Միացյալ Նահանգները շարունակելու է դիտարկել Ադրբեջանին տարբեր տեսակի, այդ թվում ՝ ռազմական օգնություն տրամադրելու նպատակահարմարության հարցը՝ ղարաբաղյան հակամարտության գոտում պահպանվող լարվածության ֆոնին, հայտնում է ТАСС-ը։
Այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Բաքվին Վաշինգտոնի օգնության հարցը բարձրացվել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որին մասնակցել է նաև երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավարը: Կոմիտեի նախագահ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ հիասթափված է ԱՄՆ վարչակազմի որոշումից, որով նախատեսվում է, բացառության կարգով, շարունակել օգնության տրամադրումը Ադրբեջանի կառավարությանը, ներառյալ ռազմական օգնությունը: ԱՄՆ իշխանության գործադիր թևն այս որոշման մասին հրապարակավ հայտարարել էր մայիսին:
«Մենք կշարունակենք այդ հարցը քննարկել»,- Բլինքենը պատասխանել է Մենենդեսին:
«Ես ակտիվ աշխատել եմ այդ ուղղությամբ: Հատկապես գերիների վերադարձի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների հարցում փոխհամաձայնության վրա»,- հավելել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը ու ձեռնպահ մնացել այլ մեկնաբանություններից: