Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը կմասնակցի Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների առաջիկա գագաթնաժողովին, որը տեղի կունենա հունիսի 16-ին Ժնևում, գրում է ՏԱՍՍ-ը:
«Անհամբեր սպասում եմ, որ հաջորդ շաբաթ միանամ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Ժնևում: Նախագահ Բայդենը ԱՄՆ շահերի ուժեղ պաշտպան է, և մենք հիանալի թիմ կկազմենք, որը կաջակցի նրան Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը»,- ասել է Սալիվանը:
Երեքշաբթի Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել է, որ չի բացառվում ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովի և ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանի մասնակցությունը Ժնևում նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի գագաթնաժողովին, բայց վերջնական որոշում դեռ չի կայացվել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Կրեմլը, ժնևյան առաջին դեմ առ դեմ հանդիպմանը Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները կքննարկեն ռուս-ամերիկյան հարաբերությունների վիճակն ու հետագա զարգացման հեռանկարները, ռազմավարական կայունության խնդիրները, ինչպես նաև միջազգային օրակարգի արդիական հարցեր, կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում փոխգործակցությունը: Սա կլինի Պուտինի ու Բայդենի առաջին անձնական հանդիպումը վերջինիս ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո: