Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Ռոբերտ Մենենդեսը հանձնաժողովի լսումների ժամանակ քննադատել է Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ լրագրողների և փաստաբանների նկատմամբ բռնաճնշումների, ինչպես նաև արտերկրում Հայաստանի, Արցախի, Հունաստանի, Կիպրոսի և Լիբիայի դեմ ագրեսիայի համար: ԱՄՆ պետքարտուղարին նա հարց է ուղղել, թե ամերիկյան կառավարությունն ինչ է անում Էրդողանի օրոք Թուրքիային հակազդելու համար:
Բլինքենը պատասխանել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև տարաձայնությունների քննարկումը կլինի երկու երկրների նախագահներ Ջո Բայդենի և Թայիփ Էրդողանի առաջիկա հանդիպման օրակարգի հիմնական հարցը: Պետքարտուղարն ընդունել է, որ «շատ առումներով՝ Կիպրոս, Սիրիա, Լիբիա, Թուրքիան չի գործում այնպես, ինչպես պահանջվում է նրանից՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակցից», լուրջ մտահոգության առիթ է նաև այդ երկրում նահանջը ժողովրդավարությունից և մարդու իրավունքների ոտնահարումը:
Բլինքենը վստահեցրել է, որ ամերիկացի օրենսդիրներին հուզող բոլոր հարցերը քննարկվելու են նախագահների հանդիպմանը: