ԱՄՆ-ը Իսրայելին 1 մլրդ դոլար կհատկացնի՝ «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի զարգացման համար, Arutz Sheva-ն հաղորդել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը:
Ելույթ ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ Բլինքենը հիմնավորել է, որ պետք է բյուջետային միջոցներ հատկացնել արտաքին քաղաքականության տարբեր կարիքների համար: ԱՄՆ պետքարտուղարն անդրադարձել է նաև Իսրայելին ցուցաբերվող օգնությանը:
Բլինքենը նշել է, որ ՀԱՄԱՍ-ի հետ 11-օրյա առճակատումից հետո Իսրայելին անհրաժեշտ է լրացնել «Երկաթե գմբեթի» զինամթերքի պաշարը, ինչի համար կպահանջվի 1 մլրդ դոլարի հատկացում:
«Հարցը շատ ակտիվ է քննարկվում, և մենք անհամբեր սպասում ենք ձեզ հետ համատեղ աշխատանքում լուծել այն»,- ասել է Բլինքենը հանձնաժողովի անդամներին:
ԱՄՆ պետքարտուղարը կրկնել է Բայդենի վարչակազմի դիրքորոշումը, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանելու երկրի քաղաքացիներին արձակված հրթիռներից: