Պատրաստ եմ մեկնել Ադրբեջան պատանդի կամ որևէ այլ կարգավիճակով հայ ռազմագերիների վերադարձի պայմանով։ Այսպիսի գրառում է արել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, Ֆեյսբուքի իր էջում:
«Միշտ պատրաստ եմ եղել և կլինեմ.
Որոշ քաղաքական շրջանակներ, շահարկելով այս թեման, կարծում են, որ մեզ համար սեփական ես-ը, ընտանիքը կարմիր գծեր են հայրենիքի առաջ մատուցած ծառայությունների շրջանակում.
Էնտեղ, որտեղ կա Հայաստանի Հանրապետություն, կա հայրենիք, կա ապագա, մենք չունենք կարմիր գծեր, պատրաստ ենք կռվել, զոհվել, զոհաբերել ինքներս մեզ.
Նրանց բոցաշունչ ելույթները, անշուշտ, պետք է նշանակեն, որ նրանք գիտեն իրատեսական գեթ մեկ տարբերակ «գործարքը» իրականացնելու, ինչը ես ինքս երբեք չեմ իմացել, հենց այդ պատճառով լռել եմ պատրաստակամությանս մասին.
Եվս մեկ անգամ ասում եմ՝ պատրաստ եմ, ամեն պահի,
Թող զբաղվեն, այլ դեպքում նրանց ելույթներն ու արտահայտությունները լոկ էժանագին շանտաժ են, որոնք փորձում են, բայց երբեք չեն կարող կասկածի տակ դնել մեր ազնվությունը, ամենը զոհելու մեր պատրաստակամությունը.
Վիվա Ռեվալուցիա»,- գրել է Աշոտ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավի երկրորդ օրը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին:
Սարգսյանն ասել է, որ Արցախյան առաջին պատերազմից հետո ադրբեջանցիները հայերին գերեվարելու համարձակություն չունեին: Սարգսյանը գերիներին վերադարձնելու հարցում դիմել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով որդուն՝ Աշոտին, փոխանակել Ադրբեջանում պահվող 20-25 հայ զինծառայողի հետ:
Ավելի ուշ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է իր որդուն տալ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դիմաց:
Դիմելով Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին՝ Փաշինյանն ասել էր, որ նրանց լիազորում է բանակցել այդ թեմայով: