Նախորդ տարվա թուրք-ադրբեջանական ագրեսիային դիմակայած Աղավնոյի դպրոցում հնչեց Վերջին զանգը: Թե ինչպես էին ձևավորելու դասարանը Վերջին զանգին, շրջանավարտները որոշել էին դեռ պատերազմից առաջ: Նարեն, որի ընտանիքն այդպես էլ չլքեց հարազատ Աղավնոն, դասարանի ձևավորման պատասխանատվությունը ստանձնել էր նաև չորս դասընկերների փոխարեն, որոնք հիմա այլ դպրոցների շրջանավարտներ են:
Նարե - Այստեղ եմ ծնվել, մեծացել, այստեղ էլ ավարտում եմ:
Ալիսիա - Որոշել եմ դիմել Արցախի պետհամալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետ, աշխատում եմ այդ ուղղությամբ:
Եթե Ալիսիան Հադրութի շրջանից չտեղափոխվեր Աղավնո, Նարեն դպրոցի միակ շրջանավարտը կլիներ: Աղջիկները շատ արագ հասկացան իրար: Երկուսն էլ նպատակասլաց, երկուսն էլ՝ ծրագրերով լի: Բոլոր շնորհավորանքները նրանց էին ուղղված, նրանք էին բոլոր բարեմաղթանքների հասցեատերերը:
Տաթևիկ Առաքելյան (Աղավնոյի դպրոցի ավարտական դասարանի դասղեկ) - Ուր էլ լինեն՝ ապրեն խաղաղ երկնքի տակ, երբեք չմոռանան՝ ինչ գնով ենք այս խաղաղությունը ձեռք բերել:
Վարդուշ Մովսիսյան (Քաշաթաղի վարչակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ) - Պարտավոր ենք հետագայում այնպիսի երկիր ստեղծել, որ մեր կորցրածը իզուր չլինի:
Աղավնոյում դասերը վերսկսվել են հունվարից՝ 8 աշակերտով: Բայց, ի պատիվ նոր բնակիչների, սովորողների թիվը հասել է 32-ի: Շենքը, որտեղ ապրում են, իրենցով է անպարտ՝ դպրոցի տնօրենի այս թեզը առաջինից մինչև 12-րդ դասարան, բոլորը գիտեն: Պողոս Աղաբեկյանն իր սաներին սովորեցնում է անդավաճան լինել հողին:
Պողոս Աղաբեկյան (Աղավնոյի դպրոցի տնօրեն) - Պիտի մնաս, որ հողը մնա, եթե չմնաս՝ ծառդ չջրես՝ չի ծաղկի:
Կարմիր տանիքներով տները, որ լքվել էին պատերազմից հետո, մասամբ վերաբնակեցվել են տեղահանվածներով: Հիմա 41 ընտանիք է ապրում Աղավնոյում:
Անդրանիկ Չավուշյան (Աղավնո համայնքի ղեկավար) - Ուզում ենք լինել կառուցողական, պատերազմին դպրոցը վնասվել էր, սարքեցինք, տները պահեցինք, սկսեցինք կյանքի կոչել:
Պատերազմով անցած Աղավնոն փորձում է ոտքի կանգնել: