ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզի իրավապահների հետ:
Հրավիրված է եղել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի տեղակալ Թոմաս Հոֆմանը, որը հավաստիացրել է, որ իրենց ընկերությունում բացառվում է աշխատակիցների վրա որևէ ազդեցության գործադրումը։
Գլխավոր դատախազն անթույլատրելի է համարել վարչական ռեսուրսի կիրառման ցանկացած դեպք, նաև հիշեցրել, որ Քրեական օրենսգրքի փոփոխությունից հետո առկա է նոր հոդված, որը պատիժ է սահմանում նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու համար:
«Ես եկել եմ մարզ և այս խորհրդակցությունը կազմակերպել եմ՝ երաշխավորելու համար հնարավոր բոլոր հանցավոր դրսևորումների կանխարգելումը: Իհարկե, մեր աշխատանքները միտված են լինելու նախևառաջ կանխարգելելու ընտրական բնույթի հանցագործությունները, իսկ եթե դրանք տեղ կգտնեն՝ անպայման դրանք բացահայտելու և մեղավորների պատասխասնատվությունն ապահովելու»,- ասել է Արթուր Դավթյանը: