Հունիսի 14-ին՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում, կհանդիպեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Թուրքիայի նախագահը: Ըստ Սպիտակ տան հաղորդագրության՝ քննարկվելու են Վաշինգտոնի և Անկարայի միջև էական տարբերությունները, Սիրիայի, Աֆղանստանի հարցն ու այլ տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: «Երկու առաջնորդները կունենան լայն և ընդգրկուն օրակարգ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, ինչպիսիք են՝ Արևելյան Միջերկրականը, Սիրիան, Իրանը, Լեռնային Ղարաբաղը»,- երեկ տեղի ունեցած ճեպազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջեյք Սալիվանը։ Նա նշել է, որ Բայդենը լավ է ճանաչում Էրդողանին, և երկու երկրի ղեկավարները հույս ունեն օգտագործել այս հնարավորությունը՝ անդրադառնալու հարաբերությունների բոլոր կողմերին:
Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Գերմանիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Ժան-Իվ Լը Դրիանը և Հայկո Մաասը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև հայ-ադրբեջանական սահմանին ու Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, ինչպես նաև 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման գործընթացը՝ տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը: Երեք երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ընդգծել են հրադադարի ռեժիմը խստորեն պահպանելու կարևորությունն ու ծագած տարաձայնությունները քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: Նախարարները հաստատել են Հայաստանի և Ադրբեջանի բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարումը: Ռուսական կողմը նշել է, որ միջազգային ցանկացած կազմակերպության ներգրավումը գործընթացին հնարավոր է միայն Երևանի ու Բաքվի համաձայնությամբ:
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ է անում վերանայել Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրող՝ «Ազատության աջակցության ակտ» օրենքի 907-րդ անխոհեմ բանաձևը: Շերմանը տեսաուղերձում հայտարարել է. «2019-ին ԱՄՆ Կոնգրեսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանության փաստն այս տարի ապրիլին ճանաչել է նաև ԱՄՆ նախագահի վարչակազմը: Ամերիկյան վարչակազմը, սակայն, ընդունել է «Ազատության աջակցության ակտ» օրենքի 907-րդ բանաձևը, որով թույլատրվում է Ադրբեջանին սպառազինության վաճառքը: Հուսով եմ, որ կվերանայեք այդ փաստաթուղթը, քանի որ Ադրբեջանը խախտում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, ինչը նույնպես շատ կարևոր է, այլև Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է ԱՄՆ կոնգրեսականը: