Հունիսի 8-ին Հայաստանում մեկնարկել են միասնական քննությունները՝ Ֆեյսբուքում գրել է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
«Հանրապետությունում գործելու է 15 քննական կենտրոն, որից 11-ը՝ մարզերում, և 4-ը՝ Երևանում: Ընդհանուր առմամբ միասնական քննություն է հանձնելու 1505 դիմորդ, որից 186-ը՝ «Աշխարհագրություն», 1288-ը՝ «Կենսաբանություն» և 31-ը՝ «Համաշխարհային պատմություն» առարկաներից: Մարզերի 11 քննական կենտրոններում քննություն հանձնողների նախնական թիվը 1016 է, որից 157-ը «Աշխարհագրություն» է հանձնելու, 832-ը՝ «Կենսաբանություն», 27-ը՝ «Համաշխարհային պատմություն»:
Մայրաքաղաքում քննական կենտրոնները 4-ն են, դիմորդների ընդհանուր թիվը՝ 489: Նրանցից 29-ը «Աշխարհագրություն» է հանձնելու, 456-ը՝ «Կենսաբանություն», 4-ը՝ «Համաշխարհային պատմություն»:
Քննության տևողությունը 180 րոպե է՝ 3 ժամ: Ավարտից քիչ անց՝ ժամը 13:00-14:00-ը, Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակելու է ճիշտ պատասխանները: Գնահատականները հրապարակվելու են քննությունը հանձնելու 5-րդ օրը՝ այս դեպքում՝ հունիսի 13-ին, իսկ բողոքարկել գնահատականը կարելի է դրա հաջորդ օրը՝ մինչև ժամը 18:00-ը:
Միասնական քննությունների վերջին օրը հունիսի 25-ն է։
Հիշեցնենք, որ բուհերում ընդունելությունն այս տարի կկատարվի 2 փուլով: Դիմորդներն առաջին փուլով միայն 1 բուհ և 1 մասնագիտություն կընտրեն վճարովի և անվճարի տեղերի համար ու կլրացնեն հայտը։ Այն դիմորդները, որոնք չեն ընդունվել առաջին փուլով, երկրորդ փուլում կարող են դիմել 6 տարբեր մասնագիտություններով թափուր մնացած տեղերի համար»: