Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը քարոզարշավն սկսեց Գեղարքունիքի մարզից: Առաջին հանդիպումները Ճամբարակի և Գավառի բնակիչների հետ էին:
Տիգրան Արզաքանցյան, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ցուցակի 1-ին համար - Մեր ժողովրդի հետ հիմա պիտի խոսենք, շփվենք: Կարևոր է լսել, թե նրանց անհանգստացնող ինչ խնդիրներ կան: Մեծ աշխատանքներ կան կատարելու: Սկզբից դժվար կլինի բոլորի համար: Բարձր խոսքեր պետք չէ ասել, որովհետև մեր տնտեսությունը հիմա աղետի մեջ է, ճգնաժամը խոշոր է: Մենք հիմա պետք է կարողանանք ֆինանսական խնդիրները լուծել, ներդրումներ բերել Հայաստան, որպեսզի կարողանանք թերի գործերը կատարել:
Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ ներկայացրեց աշխատատեղերի ստեղծման իրենց ծրագրերն ու անելիքները:
Արամ Սարգսյան, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար - Գյուղական մարզերի համար Կառավարության աջակցությամբ պետք է ձևավորվեն, ստեղծվեն վերամշակող ձեռնարկություններ: Օրինակ՝ այստեղ՝ կարտոֆիլի վերամշակում, որևէ այլ մարզում՝ այլ արտադրանքի: Այսինքն՝ աշխատատեղեր ստեղծող: Մենք խնդրում ենք, որ քվեն տաք մեզ, որպեսզի իրականացնենք մեր ծրագիրը:
Ստեղծել այնպիսի կառավարություն և Ազգային ժողով, որը կկարողանա բարեփոխումների միջոցով ամրապնդել անվտանգության համակարգը՝ հայտարարեց կուսակցության ընտրացուցակի երրորդ համար Նարինե Դիլբարյանը:
Նարինե Դիլբարյան, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ցուցակի 3-րդ համար - Եվ մենք պատրաստ կլինենք ոչ միայն չորրորդ, այլև հինգերորդ սերնդի պատերազմների, որովհետև մենք հարձակվող երկիր չենք, սակայն պաշտպանությունը պետք է միանշանակ լինի: Ռազմական ամբիոններն ենք վերականգնելու և՛ բուհերում, և՛ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Դպրոցներում ռազմագիտությունը պետք է այլ մակարդակով ուսուցանվի: Եվ, իհարկե, ամենակարևորը՝ ստեղծելու ենք Հայաստանի ազգային անվտանգության դպրոց:
Ելույթներից հետո կուսակցության ղեկավար կազմը պատասխանեց բնակիչների հարցերին, որոնք, հիմնականում, սոցիալական խնդիրներին էին վերաբերում: