Վերջին 6 ամսում առաջին անգամ Եվրամիության սահմանած չափանիշներով Հայաստանը հայտնվել է համաճարակային դեղին գոտում: Մեր երկիրը մտել է համաճարակային կայուն վիճակի փուլ, վարակման ցուցանիշը նվազման միտում ունի և քովիդի՝ Հայաստան մուտքից ու մահվան առաջին դեպքը գրանցելուց հետո վերջին մեկ օրում առաջին անգամ է, որ կորոնավիրուսից մահվան ոչ մի դեպք չի արձանագրվել:
Ռոմելլա Աբովյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ) - Վերջին կես տարվա ընթացքում մենք գտնվել ենք կարմիր գոտում, անգամ այս վերջին ալիքի դեպքում այդ կարմիր գոտուց բավականին անցնում էինք դեպի վառվող կարմիր գոտի:
Եվրամիությունը գոտիներն առանձնացնում է երկու սկզբունքով՝ 100 հազար բնակչին բաժին ընկնող հիվանդների թվով և ընդհանուր թեստավորվածներից վարակվածների տոկոսով: Դեղին գոտում հայտնվելու համար 100 հազար բնակչից վարակված պետք է լինի 50-ից ոչ ավելի մարդ: Թեստավորվածներից էլ դրական ցուցանիշով քաղաքացիների թիվը չպետք է գերազանցի 4 տոկոսը:
Ռոմելլա Աբովյան - Այս պահի դրությամբ հիվանդացության ցուցանիշը 41.6 է, իսկ դրական թեստերի մասնաբաժինը ընդհանուր թեստերի մեջ վերջին 14 օրվա ընթացքում 2.9 է, և դա է հիմնական պատճառը, որ մենք հայտնվել ենք դեղին գոտում:
Չնայած ընդհանուր թվերի նվազմանը՝ վերջին 2 շաբաթում բացառություն են կազմել Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը: Այստեղ քովիդով հիվանդների թվի աճ է գրանցվել:
Ռոմելլա Աբովյան - Օգտվելով առիթից՝ ուղղակի ուզում եմ հորդորել, որ բնակչությունը պատվաստվի քովիդի դեմ, քանի որ դա այսօրվա ամենականխարգելիչ միջոցառումն է և կարող է մեծ զանգվածների պատվաստման դեպքում կարողանանք հաղթահարել համավարակը:
Ընդհանուր առմամբ Հայաստանում, նախորդ երկու շաբաթվա համեմատ, վերջին 14 օրում գրանցվել է կորոնավարակի նվազում՝ 50 տոկոսով: Քովիդ կենտրոնները շարունակում են փակվել, այսինքն՝ վերապրոֆիլավորված բուժկենտրոնները վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին: Սա վերաբերում է թե՛ մարզերին, թե՛ Երևանին: Նույնիսկ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել և արդեն ընդունում է տարբեր վարակիչ հիվանդություններով քաղաքացիների: