ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը հունիսի 8-ին ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) պատվիրակությանը՝ քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրի ղեկավար Աբզելա Թեոբալդի գլխավորությամբ:
Հանդիպման նպատակն էր քննարկել քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրի իրականացման հնարավորությունը Հայաստանում, ինչպես նաև գնահատել ԱԻՆ ՓԾ կարողություններն այդ զենքերի կիրառմանն արձագանքելու և միջադեպերի ազդեցության հետևանքները կառավարելու գործում:
Ծրագիրը կնպաստի Հայաստանում կենսաբանական սպառնալիքների հայտնաբերման, կանխարգելման և արձագանքման կարողությունների զարգացմանը:
Արմեն Գասպարյանը նշել է, որ նման ծրագրերն ուղղված են մարդու անվտանգության ապահովմանը, սակայն հաջող արդյունք գրանցելու համար անհրաժեշտ է թիմային, միասնական աշխատանք: Փրկարար ծառայության տնօրենը միաժամանակ վստահեցրել է, որ ԱԻ նախարարությունն ամենայն պատրաստակամությամբ և պատասխանատվությամբ է մոտենում համագործակցության ծրագրին:
Աբզելա Թեոբալդն իր հերթին նշել է, որ մեծ ջանքեր կգործադրեն ծրագրի հաջող ընթացքն ապահովելու համար: Նա տեղեկացրել է, որ սույն թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Հայաստան կհասնեն քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային ոլորտում աշխատանքների համար հատուկ սարքեր: Նախատեսվում է լավագույն հրահանգիչների ներգրավում՝ անձնակազմի պատրաստվածության բարձր մակարդակն ապահովելու համար:
Անձնակազմի վերապատրաստումը կարևորել է նաև Արմեն Գասպարյանը: Ըստ նրա, գույքային համալրմանը զուգահեռ կարևոր է նաև դրանք շահագործողների գիտելիքների մակարդակի բարձրացումը:
Պատվիրակության անդամներն ԱԻ ՓԾ տնօրենին նաև տեղեկացրել են, որ շուտով կսկսեն մարզային այցելություններ: