«Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներով մեկնարկեցին միասնական քննությունները: Հանրապետությունում ձեվավորված 36 քննական կենտրոնից 15-ի դռները դիմորդների առաջ բացվել են այսօր, 4-ը՝ Երևանում: Մինչև քննասենյակ մտնելը պարտադիր են ջերմաչափում ու ձեռքերի ախտահանում, ներսում արդեն՝ դիմակով: Դիմորդներին քննական առաջին օրը հաջողություն մաղթելու համար 135-րդ դպրոցում է կրթական գերատեսչության ղեկավար Վահրամ Դումանյանը: Շրջում է քննասենյակներում, հարցնում՝ առավոտյան նախաճաշե՞լ են:
Վահրամ Դումանյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար) - Հաց չես կերել, խնձորի մեջ ածխաջրեր, որ չքնես:
Թե որ միրգը որքան ածխաջուր է պարունակում՝ Անահիտը լավ գիտի: Ապագա հոգեբան է: Լավ կենսաբանություն իմանալը պարտադիր է:
Անահիտ Բուռնազյան (դիմորդ) - Թերագնահատված են հոգեբանները, ուզում եմ երեխաներին օգնել՝ հասուն կյանք մտնեն ճիշտ կերպով:
Հարությունն էլ կինեզիստի մասնագիտությունն է ընտրել: Ընտրությունը պատահական չէ:
Հարություն Օսիպյան - Ճակատագրի բերումով է եղել, մայրս վիրահատություն է տարել, գլխուղեղի մասաժներ կարող եմ անել:
Նախարարի պաշտոնակատարը դպրոցի բոլոր 3 քննասենյակներում շրջելով նկատում է՝ մի քանիսն արևի ուղիղ ճառագայթների տակ են նստած:
Որպեսզի դիմորդները երեք ժամ արևի տակ չնստեն, Դումանյանն առաջարկում է տեղափոխել նրանց:
Վահրամ Դումանյան - Ծնողական զգացումս այնպիսին է, որ երեխաս է քննություն հանձնում, տեղաբաշխման հետ կապված տեղաբաշխում եղավ: Ես եմ քննություն տալիս կարծես:
Հաջորդ անգամ արդեն խնդիրը հաշվի կառնեն՝ վստահեցնում է քննական կենտրոնի ղեկավարը: 135-րդ դպրոցում 120 դիմորդից քննությանն է ներկայացել 117-ը: Բացականերին երկրորդ հնարավորություն կտան:
Նորայր Մարտիրոսյան (քննական կենտրոնի ղեկավար) - Եթե հարգելի պատճառով է, անհարգելի է՝ չէ:
Անհարգելի բացական չի մասնակցի լրացուցիչ փուլին, հարգելի է՝ կթույլատրվի մասնակցել:
489 դիմորդից 456-ը ուժերն է ստուգում «Կենսաբանություն», 29-ը՝ «Աշխարհագրություն», չորսն էլ՝ «Համաշխարհային պատմություն» առարկարներից: Դումանյանը նկատում է՝ բնագիտական մասնագիտությունների ընտրության հարցում խնդիր կա:
Վահրամ Դումանյան - Բնագիտական որոշ ուղղությունների խնդիրներ ունենք, կրթական քաղաքականություն է վարվում, որ աշխուժացում լինի:
Այս տարի ընդունելությունը «մեկ բուհ մեկ մասնագիտության» սկզբունքով է. առավելություն է տրվելու մասնագիտական հստակ կողմնորոշմանը:
Արդյունքը պարզ է դառնում քննության ավարտից 2-3 ժամվա ընթացքում: Գնահատականները՝ գնահատման և թեստավորման կենտրոնի կայքէջում: Մինչև թվերը կհայտնվեն առցանց հարթակում, ծնողները միջանցքում հետևում են քննության ընթացքին:
Խաչիկ Ղարիբյան (ծնող) - Հուզված են, սպասում ենք:
Հեղինակ՝ Քրիստինե Ոսկանյան