«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառ կատարեց Արագածոտնի մարզի Եղնիկ համայնքում:
Համայնքի ամենակարևոր խնդիրը, բնակիչների խոսքով, ոռոգման ջրի հարցն է: Վարչապետի պաշտոնակատարը բերքի ոռոգման խնդրի լուծումը տեսնում է կաթիլային ոռոգման համակարգի ներդրմամբ:
«Այգեգործությունը կարող է ավելի հեշտ կատարվել, եթե անցնենք կաթիլային ոռոգման: Լուծումն այն տեղերում, որտեղ ջրի խնդիր կա, անկախ նրանից, թե ինչքան ջուր կունենանք, մենք պետք է կաթիլային ոռոգման անցնենք: Այսօր կան երկրներ, որոնք անապատում գյուղատնտեսություն են զարգացրել և արտահանում են իրականացնում: Դրա լուծումը կաթիլային ոռոգումն է»,- հայտնեց Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ այն տնտեսությունները, որ կաթիլային ոռոգման կանցնեն, հինգ տարի ջրի վարձ չեն վճարի:
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ՀՀ կառավարությունը գյուղատնտեսական ծրագրեր է իրականացնում կաթիլային ոռոգմանն աջակցելու նպատակով:
«Այնտեղ, որտեղ ջուր չկա, առաջին քայլը եղած ջուրը ամբարելն է և հարցը կաթիլային ոռոգմամբ լուծելը»,- ասաց Փաշինյանը: