Քարոզարշավի երկրորդ օրը «Լուսավոր Հայաստանը» Մալաթիա Սեբաստիայի բակերում է: Իրենց՝ պատուհանից հետևող բնակիչներին դիմելով՝ կուսակցության ցուցակը գլխավորող Մարուքյանը հայտարարեց՝ հունիսի 20-ին որոշվելու է երկրի ապագան: Վճռորոշ օրը, վճռորոշ է լինելու յուրաքանչյուրի ձայնը՝ տեղամաս գնալ ու քվեարկել համար 9-ի օգտին՝ կոչ արեցին խորհրդարանական երրորդ ուժից:
Էդմոն Մարուքյան (ԼՀԿ ցուցակի 1-ին համար) - Այս ընտրության միջոցով հույս ունենք ձեր աջակցությամբ վերջացնել այս ներքաղաքական գզվռտոցը, հույս ունենք վերականգնել համերաշխությունը:
Համերաշխության վերականգնման «Լուսավորի» բանաձևը ազգային համաձայնության կառավարություն ստեղծելն է: Այլ կերպ հնարավոր չէ լուծել երկրի արտաքին անվտանգային հարցերը՝ վստահեցնում է Էդմոն Մարուքյանն ու հիշեցնում՝ շուտով կլրանա մեկ ամիսը, ինչ ադրբեջանական զորքերը Հայաստանի սահմաններում են: Նրանց դուրս բերելու միակ ճանապարհը դիվանագիտական է՝ պնդում է կուսակցության ղեկավարը, շեշտում՝ այս հարցում երկրին ամուր ճակատ է պետք:
Հետպատերազմյան ծանր վիճակից դուրս գալու, ճգնաժամը հաղթահարելու համար է խորհրդարանի ընտրությունը՝ բնակիչներին հիշեցրին լուսավորցիները: Թե ինչպիսի Հայաստան են պատկերացնում՝ 14 կետով հակիճ ներկայացրել են բուկլետում:
Թեզը, թե ընտրությունը միայն նախկինի ու ներկայի միջև է, քաղաքացիներին մոլորեցնելու նպատակով է՝ հայտարարում են քարոզարշավի դուրս եկածները: Մարուքյանը չի կարծում, թե արտահերթի երկրորդ փուլ կլինի, ասում է՝ ընտրողների մի մեծ զանգվածը՝ մոտ 45 տոկոսը, դեռ կողմնորոշված չէ:
Երևանին զուգահեռ՝ «Լուսավորն» այսօր քարոզարշավ է անում նաև Սյունիքում ու Վայոց ձորում: