Արագածոտնի մարզի Թալին քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բնակիչների հետ հանդիպմանը նշեց՝ 2018 թ. հեղափոխությունից հետո հայտարարել է, որ վարչապետ դառնալուց հետո վենդետաներ չեն լինելու, կադրային ջարդ չի լինելու, և հիմա հետահայաց՝ շատերը դժգոհ են այդ որոշումից:
«Բայց մենք արել ենք այն, ինչ պարտավորվել ենք ժողովրդի առաջ: Եվ էսօր ժողովուրդը հայտնվել է բարձրագույն իշխանության կարգավիճակում: Բոլոր քաղաքացիները հունիսի 20-ին կայացնելու են որոշումներ և լուծելու են հարցեր, քաղաքական ճակատագրեր: Բայց ես նաև ուզում եմ ասել հետևյալը. ինչպես 2018 թ. հեղափոխությունից առաջ ասել եմ, որ կադրային ջարդեր չեն լինելու, հիմա ուզում եմ ասել, որ կադրային ջարդեր լինելու են, և ջարդի են ենթարկվելու:
Եվ կադրային ջարդի են ենթարկվելու այն պաշտոնյաները, որոնք 2018-ի հեղափոխությունից հետո, հեղափոխության տված հնարավորությունից օգտվելով, ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում և այդ ողջ ընթացքում կատարել են Տրոյական ձիու դերակատարում: Այո՛, տվեք այդ կադրային ջարդը անելու մանդատը, և մենք բոլոր այդ Տրոյական ձիերին դուրս կշպրտենք Հայաստանի կառավարման համակարգից:
«Ես ասել էի՝ վենդետաներ չեն լինելու: Էսօր ինձ տարբեր նախընտրական հավաքներից ուղարկում են լուսանկարներ, և մարդիկ այդ հավաքներին կանգնած են ծուռ վզերով»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ հայտնելով, որ ակնհայտ է՝ որոշ հիմնարկների ղեկավարներ, որոշ համայնքների ղեկավարներ մարդկանց հարկադրաբար տանում են հավաքների:
Փաշինյանի խոսքով՝ ընտրություններից հետո լինելու են քաղաքական վենդետաներ այն համայնքների ղեկավարների նկատմամբ, որոնք ժողովրդին փորձում են ենթարկել հարկադրանքի:
Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց՝ խոսքը ոչ թե ֆիզիկական, այլ «քաղաքական և քաղաքացիական վենդետայի մասին է»: Նա կոչ արեց չաղավաղել իր խոսքը:
«Ինչպես 2018-ին ձեզնից ստացել ենք թավշյա մանդատ, ձեզ ասում ենք՝ գնացեք ընտրական տեղամասեր և մեր թավշյա մանդատը փոխարինեք պողպատի մանդատով, և դուք կտեսնեք քաղաքական, քաղաքացիական վենդետաներ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը: