45 տարեկան տղամարդը բողոքում է՝ Հայաստանը երեխաների պակաս ունի: Շիրինյանը հարթակից խորհուրդ է տալիս միանգամից գործի անցնել՝ շատ երեխաներ ունենալ:
Լևոն Շիրինյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք») - Ձեզ կոչ եմ անում շատ երեխա ունեցեք, ամուսնացեք:
Հիշեցնում է պատմությունը՝ Գերմանիան Առաջին համաշխարհայինին 2 մլն զոհ տվեց, երկիրը ծնելիության խնդիր ուներ: Հայաստանում էլ ծանր ժամանակներ են, ըստ Շիրինյանի՝ պետք է ոտքի կանգնենք. շատանալու համար պետք է տնտեսությունը զարգացնել, ամուսնանալ:
Լևոն Շիրինյան - Հերիք է թափառեք, ամուսնացեք, լավ կապրեք, վատ կապրեք, ոչ մեկը չգիտի՝ հետո ինչ է լինելու:
Ստյոպա Սաֆարյանը հատկանշական է համարում, որ ընտրություններին մասնակցում են Հայաստանի բոլոր չորս իշխանությունները: Հաշվի առնելով նախորդ 30 տարիների բոլոր ղեկավարների քայլերը՝ Սաֆարյանն ասում է՝ այս ընտրությունը պետք լինի ժողովրդի կողմից արդար դատավարություն:
Ստյոպա Սաֆարյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք») - Ինչ պետություն են ստեղծել, և արդյոք նրանք պատիվ ունե՞ն խոսելու, իրավունք ունե՞ն «Հայաստան» բառը տալու, թե՞ որևէ այլ բան:
Արման Բաբաջանյանի կարծիքով՝ հունիսի 20-ին պարզ կդառնա՝ կլինի՞ Հայաստանը անկախ, ազատ և ժողովրդավար: Հիշեցնում է՝ երկիրը, ժողովրդին թալանածները չպետք է իշխանության գան:
Արման Բաբաջանյան («Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» առաջին համար) - Ամեն ինչ արել են, որ Հայաստանը ուժեղ չլինի, այսօր «Ուժեղ Հայաստան» կարգախոսով են մասնակցում, Հայաստանի ունեցվածքը տվել են խալխին և այսօր ուժեղ Հայաստանից են խոսում:
Բաբաջանյանը հիշեցնում է իր և Նաիրի Հունանյանի հանդիպումը: Երբ Քոչարյանի հետ լինի նույն հարթակում, կխոսի շատ կարևոր հարցերի մասին: Ասում է, որ Հունանյանն իրեն շատ մանրամասներ է պատմել: Արման Բաբաջանյանը խոստանում է դա պատմել քարոզարշավի ընթացքում:
Արման Բաբաջանյան - Այն, ինչ տեղի ունեցավ 99 թվի հոկտեմբերի 27-ին, այն, ինչ տեղի ունեցավ դրան հաջորդող ողջ մեր պետության կյանքում, քաղաքական հետապնդումների, ունեզրկումների, կեղեքումների, սպանությունների տեսքով, անպատիժ չի մնալու, մեզ համար հոկտեմբերի 27 փակված էջ չկա:
Բաբաջանյանի ձևակերպմամբ՝ իրենց ուժը պատկերացնում է՝ ինչպես գործել, կոչ է անում՝ հունիսի 20-ին գնալ և ընտրել արդարությունը՝ մտածելով Հայաստանը շենացնելու մասին: