ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողին ծեծի ենթարկելու տեսանյութի առնչությամբ: Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Հայ զինծառայողին ծեծի ենթարկելու վերաբերյալ սոցիալական ցանցերում այսօր ակտիվորեն տարածվող տեսանյութի առնչությամբ հարկ եմ համարում պարզաբանել, որ դեպքն այսօրվա չէ և նոր չէ, ինչպես նշված է սկզբնաղբյուր հանդիսացող թելեգրամյան ալիքի հրապարակման մեջ և ինչը տիրաժավորվում է առանձին լրատվամիջոցների կամ օգտատերերի կողմից:
Խոսքը վերաբերում է հունիսի 2-ին Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում կատարվածին։ Նշված տարածք ապօրինի ներթափանցած Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների զինծառայողների և տեղում ինժեներական աշխատանքներ կատարող ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև տեղի է ուենցել վիճաբանություն: Դրա ընթացքում Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից ծեծի են ենթարկվել և մարմնական վնասվածքներ ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողներ: Տեսանյութը վերաբերում է նրանցից մեկի հետ կատարվածին։
Նախապատրաստված նյութերի հիման վրա այդ դեպքի առթիվ այսօր ՀՀ զինվորական դատախազության Սևանի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.2-րդ հոդվածով և 329-րդ հոդվածի 2-րդ մասով»: