30 տարի հայ ազգի ու պետականության դեմ գործած կիսագաղութային պետական համակարգի փոխարեն պետք է ստեղծել ինքնիշխան, ժողովրդավարական և կենսունակ պետություն, որը պետք է աշխարհին ներկայանա որպես «Նորարար ազգ - ստարտափ պետություն»՝ «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության տեսլականն է դեպի խորհրդարանի ընտրություններ:
Բևեռը բացառում է համագործակցություն նախկինների ու ներկաների հետ, երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար առաջարկում է, իրենց խոսքով, միայն Ռուսաստանի հետ կապված արտաքին քաղաքականության փոխարեն վարել բազմաբևեռ արտաքին քաղաքականություն՝ արտաքին ռազմավարության անկյունաքար դարձնելով «ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ-ի անդամ հիմնական դաշնակից» դառնալու առաջնահերթությունը:
Վահե Գասպարյան («Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության ցուցակի 1-ին համար) - Սա այն կարգավիճակն է, որ տրամադրում է ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող այն երկրներին, որոնք ցանկանում են ԱՄՆ-ի հետ ունենալ ռազմական դաշնակցային հարաբերություններ: Որ պատկերացնեք, թե ինչ լուրջ բանի մասին է խոսքը, ասեմ, որ նման կարգավիճակ ունի 18 երկիր, այդ թվում՝ Իսրայելը, Հնդկաստանը, Եգիպտոսը , Ճապոնիան, Բրազիլիան: Սրանք շատ հարգված, շատ լուրջ պետություններ են, որ ունեն այդ կարգավիճակը:
Կուսակցության անդամները պնդում են՝ այդ կարգավիճակը ենթադրում է կոնկրետ պարտավորություններ ԱՄՆ-ի կողմից՝ զենք-զինամթերքի մատակարարման, արտադրության, համատեղ զորավարժությունների: Կուսակցության անդամները հաջորդ կարևոր քայլը համարում են անհապաղ ՀԱՊԿ-ից դուրս գալը:
Վահե Գասպարյան - Այն մեռելածին կազմակերպություն է և ապացուցեց, որ իր պարտականությունները չի կատարում ու չի կարող լինել Հայաստանի ռազմական անվտանգության երաշխավորող, իսկ ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցը հաջորդ օրը չենք դնելու: Մենք վերանայելու ենք ՌԴ բազայի տեղակայման պայմանները, հարցը դնելու ենք սահմանապահ ուժերի վերահսկողության:
Արա Պապյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն) - Մենք տարիներ ի վեր ասում ենք, որ դրանք այլևս չեն աշխատում, որովհետև կարող է անվտանգության համակարգ գործել, եթե կա շահերի ընդհանրություն: ՌԴ-ի ու Հայաստանի շահերը հակոտնյա են, ու պատերազմը դա ցույց տվեց, որ մենք հարևաններից աջակցություն չստացանք, հետևաբար, անվտանգության նոր համակարգ պետք է ստեղծվի:
Քաղաքական ուժը խոստանում է քայլեր ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները վերադառնան նոյեմբերի 9-ին զբաղեցրած դիրքեր, լուծել Արցախի կարգավիճակի ու միջազգային խաղաղապահների խնդիրները:
Վահե Գասպարյան - Պետք է դեօկուպացիա կատարվի Շուշիի ու Հադրութի շրջաններում, ու դրանից հետո Մինսկի խմբի հովանու ներքո վերսկսվեն բանակցություններն Արցախի հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Արցախի հարց գոյություն չունի, ու երբ ասում ենք Արցախի հարց՝ դա տեսնում ենք Հայաստանի ամբողջականություն:
Քաղաքական ուժը հաղթելու դեպքում կհետաքննի նաև 2016-ի քառօրյա և 2020-ի 44-օրյա պատերազմների վավերագրությունը: Խոստանում են պատժել բոլոր մեղավորներին: Բարձրագույն և միջին հրամանատարական կազմի կադրային փոփոխությունների միջոցով կապահովվեն զինված ուժերի կառավարման արդյունավետ մակարդակ, պետության ձեռքում կկենտրոնացնեն բավարար նյութական միջոցներ: Այն, ինչ նշված է ծրագրում, նախատեսում են իրականացնել երկու տարվա ընթացքում: