Թեպետ աշխարհի տասնյակ երկրներ 1915 թվականին հայերի նկատմամբ Օսմանյան կայսրության իրականացրած ոճրագործությունները որակել են որպես ցեղասպանություն, Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձը նոր հույսեր արթնացրեց հայկական պահանջատիրությունն ավելի հստակ իրավական հիմքերի վրա շարունակելու համար: Եթե մինչև հիմա Ցեղասպանության ժառանգների նախաձեռնած դատական գործընթացները բախվում էին Ցեղասպանության չճանաչված լինելու խնդրին, ապա այժմ այդ պատնեշը չկա:
Կարո Ղազարյան (իրավաբան) - Դատական դիմումները տարիների ընթացքում տարբեր գործերով միշտ բախվում էին այդ պատնեշներին, դատավորները թութակի նման կրկնում էին, որ սա քաղաքական հարց է, չեն կարող դիմել որևէ հատուցման, բայց, ի վերջո, Ցեղասպանության ճանաչումը հենց հատուցման հիմք է ծառայում:
ԱՄՆ-ում ապրող իրավաբան Կարո Ղազարյանի խոսքով՝ սա մեծ հաղթանակ էր հատկապես ամերիկահայության համար, քանի որ տարիներ շարունակ նրանք պայքարել են հարցը առաջ տանելու ուղղությամբ: Սակայն դա դեռ չի նշանակում, որ կարելի է հեշտորեն հայցեր ներկայացնել ու ստանալ դատարանների դրական որոշումը:
Կարո Ղազարյան - Օրինակ՝ եթե անձը չունի հստակ տվյալներ, որի համար Միացյալ Նահանգները կարող է այս հարցը որոշել, դժվար է լինելու: Ամեն դեպքում Միացյալ Նահանգները չի կարող որոշում կայացնել արարքի հիմքով, որը կատարված է ոչ ամերիկյան տարածքում:
Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանն էլ կարծում է, որ ԱՄՆ կողմից Ցեղասպանության ճանաչումը նախևառաջ ճնշում է Թուրքիայի վրա, քանի որ առաջին հասցեատերը հենց այդ երկիրն է: Ամերիկյան դատարանները Թուրքիայի դեմ հայերի սկսած գործերում այլևս չեն կարող օգտագործել «վաղեմության ժամկետ» եզրույթը, քանի որ կան բոլոր իրավական հիմքերը՝ պահանջելու նրանց նախնիների սեփականությունը:
Սուրեն Մանուկյան (ցեղասպանագետ) - Ցեղասպանությունը որպես ծանրագույն միջազգային հանցագործություն՝ չունի վաղեմության ժամկետ, այսինքն՝ անկախ նրանից՝ 100, թե 200 տարի հետո ես դիմել, միևնույն է, դատարանները պարտավորվում են հայցը ընդունել վարույթ և դատական կարգով իրականացնել այս գործընթացը:
Ցեղասպանագետը շեշտեց, որ թեպետ փոխհատուցումը երկար գործընթաց է, այնուամենայնիվ, իրատեսական է, և շատ պետություններ օգտագործում են այդ մոդելը:
Հայաստանն այժմ ունի կարևոր խաղաքարտ, որը ճիշտ օգտագործելու դեպքում կկարողանա շահեկան արդյունքի հասնել այս հարցում:
Հեղինակ՝ Սյուզի Մուրադյան