Միացյալ Նահանգների ու Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում հաջորդ շաբաթ նախանշված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի, Սիրիայի, Աֆղանստանի, Իրանի հետ կապված հիմնահարցերը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
Երկու երկրների ղեկավարներն ուշադրության կարժանացնեն նաև Վաշինգտոն-Անկարա «լուրջ տարաձայնությունների» թեման, որը վերաբերում է, մասնավորապես, մարդու իրավունքների ու արժեքների ոտնահարմանը:
Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Սալիվանն ընդգծել է, որ Արևելյան միջերկրածովյան հարցը, Սիրիայի, Իրանի թեմաները, ինչպես նաև ամերիկյան զորքերի՝ Աֆղանստանից դուրսբերումից հետո Թուրքիայի դերակատարման հիմնախնդիրը Էրդողան-Բայդեն օրակարգում կլինեն: