«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական արշավն սկսվեց Արագածոտնի մարզում՝ չնախատեսված այցով Եղնիկ համայնքում: Հանդիպումների օրակարգում 8 բնակավայր էր: Չնախատեսված այցերով կանգ առան Դաշտադեմում, Վարդաբլուրում, Մելիքգյուղի մոտ: Թալին այցին Նիկոլ Փաշինյանն ամփոփեց վերջին երեք տարվա աշխատանքները, ապա անդրադարձավ նախընտրական հավաքներին: Ըստ Փաշինյանի՝ որոշ համայնքների ղեկավարներ մարդկանց հարկադրաբար են տանում քարոզարշավների:
Նիկոլ Փաշինյան («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի 1-ին համար) - Կադրային ջարդեր լինելու են, և ջարդի են ենթարկվելու այն պաշտոնյաները, որոնք 2018 թվականի հեղափոխության տված հնարավորություններից օգտվելով՝ ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում և այս ողջ ընթացքում կատարել են տրոյական ձիու դերակատարում։ Այո՛, տվե՛ք այդ կադրային ջարդն անելու մանդատը, և մենք այդ տրոյական ձիերին դուրս կմղենք պետական կառավարման համակարգից:
Արագածավանում նախ հարգանքի տուրք՝ կյանքը Հայրենիքին տված բոլոր զոհվածներին, ապա իրականացրած ծրագրերը թվելուց հետո Փաշինյանը հիմա՝ «Անջատում՝ հանուն փրկության» բանաձևով արցախյան հարցի լուծման ավելի հարմար պայմաններ է տեսնում, քան 4 տարի առաջ:
Գերիների փոխանակման մասին իր ընդդիմադիրներին պատասխանում է՝ բոլոր գերիների դիմաց պատրաստ է վճարել ամենաթանկ գնով:
Նիկոլ Փաշինյան - Պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց:
Փաշինյանին աղուհացով ու Հայաստանի օրհներգով դիմավորեցին Արտենիում: Զոհված տղաների հիշատակի հարգանքի մեկ րոպե լռությունից հետո երկրի ապագայի մասին «Քաղաքացիական պայմանագրի» պատկերացումներից խոսելիս Փաշինյանը համեմատում է 90-ականների Հայաստան-Ադրբեջան ռազմական բյուջեն:
«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական արշավն Ապարանում շարունակվեց՝ հարգանքի տուրք մատուցելով 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակին, ապա այցը վերածվեց քայլարշավի: Այցն արդեն «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուներն ամփոփեցին Աշտարակում: Քաղաքական մյուս ուժերին կոչ արեցին բանավեճի մասնակցել և չխուսափել տարբեր պատճառաբանություններով: