Քարոզարշավի երկրորդ օրը «Հանրապետություն» կուսակցությունն Էջմիածնում է: Նախ ծաղիկներ են խոնարհում սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ, ապա բուկլետներ բաժանելով շրջում քաղաքում: Թե ինչո՛ւ պիտի ընտրողն իր քվեն տա 11 համարին, Արամ Սարգսյանն ասում է՝ իրենք կոնկրետ առաջարկներ են անում՝ կոնկրետ քայլերով: Աշխատատեղերն ու երկրի անվտանգությունն առաջնահերթ են:
Արամ Սարգսյան («Հանրապետություն» կուսակցության ցուցակի 1-ին համար) - Անվտանգության լրացուցիչ երաշխիքներ ենք ուզում ավելացնել՝ ներգրավելով Մինսկի խմբի համանախագահող այլ երկրներին, և համարում ենք, որ եռակողմ փաստաթուղթը մեր համար ծանր էր, որովհետև Մինսկի խումբը դուրս մնաց այդ գործընթացից, իսկ կարգավիճակի հարցն էլ չի քննարկում կամ քննարկում է ձեռքի հետ:
Որպեսզի Սյունիքի հարցն էլ չլուծվի եռակողմ համաձայնությամբ, ինչի կասկածներն ունեն, կուսակցությունը նախընտրում է միանալ Ֆրանսիայի նախագահի առաջարկին:
Արամ Սարգսյան - Գտնում ենք՝ թե՛ սահմանների խախտման գործընթացները, թե՛ գերիների վերադարձը, թե՛ ճանապարհների ապաշրջափակման խնդիրը պետք է քննարկվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
Արտաքին քաղաքականությունը կարելի է ուժեղացնել՝ ստեղծելով բազմավեկտոր գործընկերային հարաբերություններ: Իսկ ռազմական առումով անպարտելի կլինենք, եթե շատ փող ունենանք: «Հանրապետությունում» փողի տեղը գիտեն. կտրուկ քայլեր են պետք:
Արամ Սարգսյան - Հանքային, ջրային ռեսուրսներ, որոնք ճիշտ կառավարել է պետք: Մենք հայտարարում ենք՝ մեր գալուց հետո բոլոր հանքերը բացվելու են, իսկ հանքից եկած փողերը կուղղվեն բանակին, գիտությանը և այլն: Այդ գումարներով կարող ենք գնել այնպիսի սպառազինություն, որ Թուրքիան կամ մյուսը մեր վրա հարձակվելուց ունենա ահռելի զոհեր:
Ստեղծել օրինակելի հանրապետություն, աշխարհի հետ շփվել հարգանքով՝ ակնկալելով փոխադարձը: Կառուցել այնպիսի պետություն, որի իշխանությունը կձևավորի ժողովուրդը՝ արդար ընտրության միջոցով: Ունենալ այնպիսի հանրապետություն, որում մարդիկ զրկված չլինեն կրթվելու, աշխատելու, բուժվելու, բարեկեցիկ կյանքով ապրելու իրավունքից: Իրար սիրեն, հարգեն, լինեն ներողամիտ ու հանդուժող:
Արամ Սարգսյան - Մենք առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք և պետք է Աստծուն գնալ, պահել է պետք քրիստոնեական արժեքները, իսկ քրիստոնյաներն իրար չեն ատում:
Եթե քաղաքացիներն իրենց քվեն տան 11 համարին, Արամ Սարգսյանը խոստանում է խնամքով վարվել այդ ձայների հետ: Չեն անի այնպես, որ պետությունը ցնցումների առաջ կանգնի, բայց խոստանում են քայլ առ քայլ վերագտնել մեր անկախությունն ու դուրս գալ այն կախվածությունից, որը թույլ չի տալիս զարգանալ: