«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ չի մասնակցի հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Կուսակցության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «Հայոց արծիվների» պահանջն է չեղարկել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, Հայաստանը ազատագրել Ադրբեջանի զինված ուժերի օկուպացիայից և միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո կազմակերպել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ և մասնակցել:
Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի ու հայ ազգի անվտանգությունն ապահովելը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելը յուրաքանչյուր հայի համար ավելի կարևոր է և առաջնային, քան Հայաստանում տեղի ունեցող ցանկացած ընտրություն կազմակերպելն ու այդ ընտրությանը մասնակցելը:
«Այո՛, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը մշտապես կողմ է եղել Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների անցկացմանը, համարելով, որ դա լավագույն միջոցներից մեկն է լինելու՝ լեգիտիմ ճանապարհով Հայաստանում ձևավորելու Ազգային-Քրիստոնյա իշխանություն:
Հենց այդ նպատակով «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, իր 86 հոգանոց համամասնական անթերի ցուցակով, հայտ է ներկայացրել Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու և հաղթելու ու արդեն գրանցվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից:
Սակայն, սույն թվականի մայիսի 25-ին Երևան քաղաքի Արծվատուն կենտրոնական գրասենյակում «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար կազմի՝ Նախագահության որոշումը՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, կայացվել է մեկ պայմանով, այն է՝ եթե մինչև Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը, այսինքն՝ մինչև հունիսի 7-ը, Հայաստանի իշխանությունը՝ ի դեմս Պաշտպանության նախարարության, սույն թվականի մայիսի 12-ից Հայաստանի տարածք ներխուժած Ադրբեջանի բանակի զինված հրոսակներին տեղում չսատկացնի կամ չվռնդի Հայոց սուրբ հողից, ուրեմն բացառվում է, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, հունիսի 7-ից սկսած, Հայաստանում իրականացնի նախընտրական քարոզարշավ, առավել ևս բացառվում է, որ հունիսի 20-ին մասնակցի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, նույնիսկ այն դեպքում, երբ «Հայոց Արծիվները» վերջին 30 տարիների ընթացքում իր կազմակերպած շուրջ 2.000 ռազմահայրենասիրական միջոցառումների կատարյալ արդյունքներով, բազմահազար նվիրյալ անդամներով, լրջագույնս պատրաստվել էր մասնակցել Ազգային ժողովի այս արտահերթ ընտրություններին»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ:
Նշվում է, որ հունիսի 20-ին տեղի ունենալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները չեն կարող անցկացվել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, քանզի Հայաստանի տարածքներից որոշ հատվածներ օկուպացված են, իսկ սա նշանակում է, որ արտահերթ ընտրությունները պարտադիր պետք է չեղարկել:
«Մենք՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին իբրև մասնակցող կուսակցություններս, հունիսի 7-ից սկսած, ի՞նչ սրտով պետք է Հայաստանում, հատկապես Սյունիքում և Գեղարքունիքում, նախընտրական քարոզչություն իրականացնենք, երբ, այս պահի դրությամբ, դեռևս օկուպացված է Հայաստանի տարածքներից որոշ հատվածներ:
Կո՛չ ենք անում Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և դաշինքներին. միշտ գիտակցե՛ք, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ավելին է, քան Հայաստանում անցկացվելիք ցանկացած ընտրություն, ուստի սթափվե՛ք, մի՛ գայթակղվեք այս արտահերթ ընտրություններով: Եկեք համախմբվե՛նք ամբողջ ազգով, չեղարկե՛նք ընտրությունները, Հայաստանի Սուրբ հողից վռնդենք մեզ՝ հայերիս, շուն անվանած Ադրբեջանի բանակի զինված հրոսակներին և միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո կազմակերպենք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ ու մասնակցենք»,- ասված է հայտարարության մեջ: