«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության անդամները Լոռու մարզում էին: Մարզկենտրոնում վանաձորցիների հետ հանդիպման ընթացքում նրանք խոսեցին շարժման ձևավորման և խորհրդարանի առաջիկա արտահերթ ընտրություններում իրենց նախընտրական ծրագրերից:
Կարին Տոնոյան, «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության ցուցակի առաջին համար - Հավաքվեցինք և որոշեցինք կազմել ծրագրեր, որոնցով պետք է օգնեինք իշխանության եկող այն նոր ուժերին, որոնք կկարողանային երկիրը հանել այս վիճակից: 3ամիս այդ ծրագրերի վրա աշխատելով և փորձելով համագործակցել նման ուժերի հետ՝ հասկացանք, որ ինքներս պետք է ստանձնենք այդ գործը, հասկացանք, որ կռիվը մերն է, մենք էլ մինչ վերջ պիտի տանք:
Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Կարին Տոնոյանը անդրադարձավ Հայաստանի սահմանների անվտանգույթան կարևորությանը և ներկայացրեց ստեղծված իրավիճակից դուրս գալու իրենց տեսլականը, խոսեց երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղիների, արտաքին քաղաքականության և այլ ոլորտներին առնչվող խնդիրների լուծման մասին:
Կարին Տոնոյան - Այն պահին, երբ աշխարհը կտեսնի, որ Հայաստանում կան մի խումբ մարդիկ, որոնք չեն կոտրվում, որոնք պատրաստ են պայքարելու, որոնք Հայաստանի անկախությունը չեն զիջելու ոչ մեկին, այդ պահից վերաբերմունքը կփոխվի մեր նկատմամբ, այդ պահից մեր ինքնահարգանքը կտեսնի աշխարհը:
Մենուա Սողոմոնյան, ԱԺ պատգամավորի թեկնածու («5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն) - Այժմ «5165 ազգային պահպանողական շարժումը» հանրության համաձայնությունն է ակնկալում հետևյալ նպատակի շուրջ. ստեղծել ազգային կենսունակ այնպիսի պետություն, որն առնվազն 3-4 բան կարող է անել: Առաջին՝ արդյունավետորեն հակակշռել Թուրքիայի գոյութենական սպառնալիքները: Երկրորդ՝ հայանպաստ դիրքերից հասնել Արցախի խնդրի լուծմանը:
«5165» ազգային պահպանողական շարժում կուսակցությունն ընտրացուցակում 16-րդն է: Կուսակցության անդամների կարծիքով՝ ընտրաթերթիկի 16-րդ թերթիկն արկղը գցելով՝ ժողովուրդը կկարողանա վերագտնել արժանապատվությունը, պատիվն ու ինքնահարգանքը:
Կարին Տոնոյան - Հայաստանը նորից իր արժանապատիվ դիրքը կգրավի աշխարհի ազգերի մեջ և նորից Հայաստանի հետ հաշվի կնստեն և կխոսեն հավասարը հավասարի պես: ես համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը խելագարվել Է Ալիևի ելոիյթներից հետո և ելքեր է փնտրել: Մենք ձեզ եկել ենք առաջարկելու այդ ելքը:
Կուսակցության անդամները հանդիպումներ են ունեցել նաև Լոռվա գյուղերում: Քարոզարշավը կշարունակեն մյուս մարզերում՝ քաղաքացիների հետ հանդիպելու և շարժման ծրագրային թեզերը ներկայացնելու նպատակով: