Հունիսի 20-ին տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակից ուժերը ներկայացրել են կուսակցությունների ու դաշինքների ունեցվածքը։ Ըստ դրանց՝ ամենամեծ թվով գույք ունեցող կուսակցություններն են «Հայաստան» դաշինքի մաս կազմող ՀՅԴ-ն և «Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող Հանրապետականը։
Այսպես՝ ՀՅԴ-ն հայտարարագրել է 76 միավոր անշարժ գույք, որի մեծ մասը միանձնյա սեփականություն է։ Կուսակցության ամենամեծ մակերեսով շենք-շինությունը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Հանրապետության 30 հասցեում` 1225 քառակուսի մետր տարածք։ Կենտրոնում ՀՅԴ-ն շենք-շինություններ ունի նաև Թումանյան և Մհեր Մկրտչյան փողոցներում։ 76 միավոր անշարժ գույքից 49-ը շենք-շինության տեսքով են, իսկ 27-ը՝ հողամասերի։ Կուսակցությունը անդամավճարներից հավաքել է 27.8 միլիոն դրամ, նաև Կառավարության կողմից կուսակցություններին աջակցության ծրագրով ստացել է բյուջետային միջոցներ՝ 4.3 միլիոն դրամի չափով։ Վարձակալությամբ տարածքներ տրամադրելուց ՀՅԴ-ն եկամուտեր է ստացել «Ինեկոբանկից»՝ 840.000 դրամի չափով, Կոտայքի ջրօգտագործող ընկերությունից՝ 1 միլիոն դրամի չափով, և անհատ ձեռնարկատեր Մովսես Ֆագեճյանից՝ 1.2 միլիոն դրամի չափով։
Դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան»-ը միայն 223 քառակուսի մետր մակերեսով տարածք է հայտարարագրել Գյումրու Սայաթ-Նովա փողոցում։ Այլ դրամական միջոցներ ու եկամուտներ կուսակցությունը չի հայտարարագրել։
«Պատիվ ունեմ» դաշինքի հիմք հանդիսացող Հանրապետական կուսակցությունը հայտարարագրել է 78 միավոր անշարժ գույք՝ շենք-շինություններ, հողամասեր, ավտոկայանատեղիներ։ Կուսակցության ամենամեծ անշարժ գույքը գլխավոր գրասենյակն է՝ տեղակայված Երևանի Մելիք-Ադամյան փողոցում՝ 1923 քառակուսի մետր, կուսակցությունը մեծ թվով անշարժ գույք ունի մարզերում։ ՀՀԿ-ին է պատկանում ՎԱԶ 2121 մակնիշի մի ավտոմեքենա։ Կուսակցության դրամական միջոցները կազմել են 2.8 միլիոն դրամ, իսկ եկամուտների ամենամեծ մասը ձևավորվել է անդամավճարներից և նվիրատվություններից՝ ավելի քան 205 միլիոն դրամի չափով, բացի դրանից՝ պետբյուջեից ՀՀԿ-ն ստացել է 5.2 միլիոն դրամ։
«Պատիվ ունեմ» դաշինքի մյուս կուսակցությունը՝ Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք»-ը, հայտարարագրել է միայն 3 անշարժ գույք, որոնցից երկուսը վարձակալությամբ՝ Սիսիսանում ու Վայքում։ Բացի դրանից՝ «Հայրենիք»-ին է պատկանում 109 քառակուսի մակերեսով տարածք Արաբկիրում՝ անհատույց օգտագործման իրավունքով։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը անշարժ գույք չի հայտարարագրել, իսկ դրամական միջոցները կազմել են 22.2 միլիոն դրամ։ ՔՊ եկամուտները գոյացել են մոտ 30 միլիոն դրամի անդամավճարներից ու նվիրատվություններից, ևս 39 միլիոն դրամ կուսակցությունը ստացել է պետական բյուջեից։
Գործող խորհրդարանում երկրորդ ամենամեծ ուժը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, կուսակցական որևէ շարժական ու անշարժ գույք չի հայտարարագրել, իսկ դրամական միջոցները կազմել են ընդամենը 500 դրամ։ Հայտարարագրի համաձայն՝ ԲՀԿ-ի միակ եկամուտը եղել է պետությունից ստացած 9.1 միլիոն դրամը։
Գործող խորհրդարանի երրորդ ուժը՝ «Լուսավոր Հայաստան»-ը, սեփականությամբ իրեն պատկանող անշարժ գույք չի հայտարարագրել. ԼՀԿ-ն ունի Երևանում վարձակալած 1, իսկ մարզերում՝ 4 տարածք։ Կուսակցությունն անդամավճարներից ու նվիրատվություններից ստացել է 54.9 միլիոն դրամ, ևս 7 միլիոն դրամ՝ պետական բյուջեից։ ԼՀԿ-ի դրամական միջոցները կազմում են 32.5 միլիոն դրամ։
Նախկին վարչապետ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը Երևանի Տերյան փողոցում անհատույց օգտագործման իրավունքով տարածք ունի, իսկ կուսակցության դրամական միջոցները 1 միլիոն դրամ են, նույնքան են կազմում եկամուտները, որ գոյացել են անդամավճարներից։
Մեկ այլ նախկին վարչապետի՝ Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը շարժական ու անշարժ գույք չի հայտարարագրել։ «Ազատության» դրամական միջոցները կազմել են 10.5 միլիոն դրամ։ Այս միջոցները կուսակցությանը փոխանցվել են դրա նախագահ Հրանտ Բագրատյանի կողմից։
Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ղեկավարած «Ազատական» կուսակցությունը անհատույց վարձակալությամբ օգտագործում է Երևանի Ամիրյան փողոցի 892 քառակուսի մետր մակերեսով տարածքը, իսկ կուսակցության եկամուտները 10 միլիոնից մի փոքր ավել են: Այդ ամբողջ գումարը եղել է նվիրատվություն կուսակցականներից մեկի կողմից։
Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրես»-ը միանձնյա սեփականությամբ Երևանի Սարյան փողոցում 297 քառակուսի մետր մակերեսով տարածք է հայտարարագրել, ևս 11.5 միլիոն դրամ կուսակցությունն ունի անդամավճարների ու նվիրատվությունների հաշվին։
Հայաստանի դեմոկրատական կուսակցության դրամական միջոցները հունիսի 5-ի դրությամբ կազմել են 1.5 միլիոն դրամ, որը գոյացել է անդամավճարներից ու նվիրատվություններից։
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը իր անդամներից 10.5 միլիոն դրամ անդամավճար ու նվիրատվության գումար է ստացել, իսկ շարժական և անշարժ գույք չունի։
Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի մաս կազմող Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը 180 քառակուսի մետր մակերեսով տարածք է վարձակալում Երևանի Տիգրան Մեծի պողոտայում։ Դաշինքի մյուս ուժը՝ Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, շարժական և անշարժ գույք, դրամական միջոցներ և եկամուտներ ԿԸՀ-ի հայտարարագրում չի ներկայացրել։
Ընտրությունների մասնակից մյուս ուժերից «Ազգային ժողովրդավարական բևեռը», «Ինքնիշխան Հայաստան»-ը, 5165 կուսակցությունը, «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան»-ը, «Մեր տունը Հայաստանն է», «Հայոց հայրենիք» կուսակցությունները ոչինչ չեն հայտարարագրել։