Ոստիկանության զորքերի Հասարակական պահպանության գնդում բացվեց Արցախյան երկրորդ պատերազմում զոհված 43 հերոսի նվիրված հիշատակի անկյուն: Նահատակներից շատերն ընկել են հայոց բերդաքաղաք Շուշիի պաշտպանության համար մղված մարտերում:
Հայկ Բաբայան (ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար) - 43 նահատակներ, որոնք գնդի հրամանատար, գնդապետ Արմեն Վարդանյանի գլխավորությամբ պայքարեցին հանուն Արցախի, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր ապրելու իրավունքի:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Շուշիի համար մարտերը համարում է հայոց պատմության երկրորդ Ավարայրը՝ նշելով, որ բերդաքաղաքի մատույցներում հայկական կողմը հանուն հայրենիքի տվել է հարյուրավոր զոհեր:
Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) - Մեր հերոսները պայքարել են մինչև վերջին կաթիլը, մինչև վերջին հնարավորությունը, դա Արցախի ապագայի համար պաշտպանությունն էր վերջին, որի արդյունքում հաջողվել է կնքել զինադադար՝ կորցնելով Շուշին, բայց փրկել Արցախի մնացած մասը:
Արայիկ Հարությունյանը ներկաներին հիշեցնում է, որ պատերազմում հայկական կողմը կռվել է ոչ միայն Ադրբեջանի, այլև նրան աջակցող մի քանի այլ պետության դեմ:
Արայիկ Հարությունյան - Պատերազմական գործողություններին մասնակցել են գերտերություններ, հզոր բանակներ, աջակցել են շատ զարգացած երկրներ, և մենք հասկանում ենք, որ նման պատերազմում հաղթանակը շատ դժվար է ունենալ, բայց մենք հաղթելու ենք, որովհետև մեր ապագան երաշխավորված է լինելու, քանի որ ունենք սերունդ, որ դաստիարակվելու է այդ մեր նահատակված հերոս տղաներով, նրանց սխրանքներով:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմում զոհված 43 ոստիկանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվեցին մարտական ծառայության մեդալով, «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան