Խորհրդարանում այսօր շարունակվել է 2020 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկումը: Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հայտնել է, որ հատկացումները հաշվետու տարում ավելի են եղել նախատեսվածից՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով և պատերազմով: Ոլորտի կատարողականը մոտ 98.3 տոկոս է:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրականացրած ծրագրերը ներկայացրել է փոխնախարարը, չկատարված միջոցառումները հիմնականում պայմանավորված են եղել համավարակով՝ մանրամասնել է Տաթևիկ Ստեփանյանը: Կատարողականը կազմել է 97.7 տոկոս:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանն էլ ներկայացրել է իր ղեկավարած կառույցի տարեկան եկամուտների և ծախսերի կատարողականը:
Արա Շիրինյան, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ - 2020 թվականին պետական բյուջեից Հանրային հեռարձակողի խորհրդին, Ռադիոյի և հեռուստահաղորդումների հեռարձակում ծրագրին հատկացվել է 7 մլրդ 520 մլն 42 հազար դրամ: Կառավարությունը մի քանի որոշումներով բյուջեն նվազեցրել է, ընդհանուր առմամբ, 389 մլն 528 հազար դրամով: Բյուջեի ֆինանսական ցուցանիշների նվազումը պայմանավորված էր համավարակի և պատերազմի հանգամանքներով: Տարվա վերջում ճշտված բյուջեն կազմել է 7 մլրդ 130 մլն 514 հազար դրամ, որը կատարվել է 99 տոկոսով: Բյուջեի գումարը փաստացի ծախսվել է հետևյալ ուղղություններով. Հանրային հեռուստաընկերություն, Առաջին ալիք և արբանյակային հեռարձակում՝ 5 մլրդ 756 մլն 595 հազար դրամ՝ ներառյալ ԱԱՀ: Հանրային ռադիո, Առաջին ծրագիր, Երիտասարդական և «Արևիկ» ալիքներ, Հոգևոր-մշակութային ռադիոալիք, Մերձավոր Արևելքի և հարևան երկրներում հաղորդումների հեռարձակում՝ 909 մլն 706 հազար դրամ: Հոգևոր-մշակութային հեռուստաընկերություն՝ 207 մլն 102 հազար դրամ: Հանրային հեռարձակողի խորհուրդ, Հանրային հեռարձակողների գործունեության կառավարում, համակարգում և մոնիթորինգ՝ 111 մլն 844 հազար դրամ: