Օր 2․ Ես մի օր Արցախից կվերադառնամ Հայաստան, բայց այդ օրն այսօր չի․ սարուշենաբնակ երևանցի Վաչեն #Արցախիմարդիկ
Արդեն երրորդ օրն է՝ Արցախում եմ։ Փաստորեն, երեք օրն էլ բավական էր սիրահարվելու բնությանը, մթնոլորտին, տխրությանը։ Ստեփանակերտից ու Սարուշենից հետո ճամփա եմ բռնում դեպի Ասկերան։
«Ասկերան բա ինչի՞ եք գնում, նկարելո՞ւ»,- հարցնում է տաքսու վարորդը՝ նկատելով տեսախցիկը։
«Ավելի շուտ՝ խոսելու։ Արցախի մարդկանց մասին եմ ուզում գրել։ Ասկերանում մի կին կա, ասում են՝ ամենահին սեփական սրճարանի տերն է։ Անունը, կարծեմ, «Մայրիկ»»,- պատասխանում եմ ու մեքենայի պատուհանից շարունակում նկարել ամեն սար, տուն, դիրք ու դրոշ։
Սեփական տան բակում մեզ դիմավորում է Ալլան՝ բարետես ու ժպտադեմ, ուղեկցում ներս, որտեղ մեզ արդեն ստվերում՝ արևից ծածուկ, սպասում է քաղցրեղենով, թեյով ու նոր քաղած ծաղիկներով զարդարված սեղանը։
«Կոնֆետները ես եմ սարքել, ամեն ինչ բնական, պիտի ուտեք․ գնամ թեյն էլ բերեմ, իմ ձեռքով հավաքել, չորացրել եմ»։
Իհարկե, որպես թեյի վաղեմի սիրահար՝ չեմ հրաժարվում Արցախի «տնական» թեյից։ Բայց, անակնկալ․․․ Ալլան ինձ համար նվեր է պատրաստել՝ մի տուփ թեյ, որ Երևանում էլ Ասկերանի դաշտերի անուշահոտը չմոռանամ։
Սկսում եմ կոնֆետներն ուտել ու մոռանում՝ «ինչ առիթով ենք հավաքվել», բայց ստիպում եմ ինձ ու շեղվում համեղ բաներից (լրջորեն սկսում եմ մտածել Արցախ տեղափոխվելու մասին՝ ինձ այստեղ «լավ են նայում»)․ Ալլային հարցուփորձ եմ անում սրճարանից։
«Էստեղ սեփական սրճարան չկար, ճաշարաններ ու ռեստորաններ կային, բայց սա առաջինն է իր տեսակի մեջ։ Երեք ընկերով ենք սկսել, հետո շենքն առա, վերանորոգեցի։ 1987-ին ենք բացվել, բայց 90-ականների պատերազմը խանգարեց, 98-ին վերաբացվեցինք։ Ընթացքում ծավալները մեծացրինք, կողքի տարածքն առա։ Էստեղ հին տուն կար, քանդելու ժամանակ իմացա, որ պատմական նշանակության շենք ա։ Ծաղկանոցի հին քարերը պահել եմ»,- փայլփլող աչքերով պատմում է Ալլան ու շարունակում ինձ գույնզգույն ծաղիկներից ու հնարավոր բոլոր կանաչներից թրմված թեյ հյուրասիրել։
Օր 1․ Ես վստահ եմ, որ մարդ իր տան մեջ երբևիցե չպիտի վախենա. Արցախը նորից ոտքի կկանգնի. Հայկ Ավանեսյան #Արցախիմարդիկ
Ժամանակի ընթացքում Ալլան վաճառել է բնակարանն ու գնել նաև սրճարանի հարակից տարածքը․ «Որոշեցի չգնամ-գամ, տունն առա, հիմա էստեղ եմ ապրում՝ գործիս կողքը։ Սկզբից երիտասարդներն էին գալիս, առաջին պատերազմից հետո էստեղից դուրս չէին գալիս։ Ինձ ասում էին՝ «Ալլայի մոտ» դիր անունը (ծիծաղում է), բայց անունը «Ծիածան» էր։ Հետո տուրիստներ էին գալիս։ Ես թեյեր էի սարքում, սկզբում ուղղակի նվիրում էի, տատիկս էր միշտ սարքում (նայում է գետնին ու կարոտած ժպտում)»։
Ալլան մասնագիտությամբ իրավաբան է, աշխատում է Հուշարձանների պահպանության ծառայությունում։ Ըստ երևույթին, նկատում է զարմանքս․ «Դե, դա կյանքիս մասն ա, իսկ սրճարանը ինձ համար եմ անում։ Փող էլ չաշխատեմ՝ կանեմ»։
Անսպառ ժպիտը դեմքին՝ պատմում է, որ 90-ականների պատերազմն էլ է տեսել։ 93 թվականին տանկային գումարտակում բուժքույր է եղել, նույնիսկ տանկ քշել։ 2020-ի պատերազմից խոսելիս ժպիտին փոխարինելու է գալիս կսկիծը։
«Պատերազմից հետո ընդհանրապես ցանկություն չկար ոչ մի բանի։ Բայց դե, մարդ արարածը համակերպվում ա, ամեն ինչին կամաց-կամաց հարմարվում ես, մի կերպ ապրում ես։
Պատմությունը կրկնվում է, բայց անորոշությունը շատ բան ա փոխել։ Մարդկանց տրամադրություն չկա։ Ես հիմա երաժշտություն չեմ լսում, չեմ կարողանում։ Իսկ իմ օրը սկսվում էր երաժշտությամբ, վերջանում երաժշտությամբ․․․»:
Ալլան գնում է երկրորդ թեյնիկի հետևից, քիչ այն կողմ՝ աշխարհին անտարբեր, վարդի տերևների հետ «մենամարտի է բռնվել» հողից մոխրագույն դարձած կատուն։
«Լավ հասցրիր գալդ, վաղը գնալու եմ Երևան,- հարցիս՝ չի՞ մտածել Արցախը լքելու մասին, աչքերը կլորացնում է։- Ո՞ւր գնանք․․․ Որ մենք գնանք, ո՞վ էստեղ կմնա։ Մենք բա գնացո՞ղ ենք։ Մենք տուլաշ ենք։ «Տուլաշ» գիտե՞ս ինչ ա. պնդաճակատ։ Մի քանի կատեգորիայի մարդ կա․ մեկը՝ զուտ հայրենասեր, բայց հայրենասիրությունը խանչալով թուրքի վրա գնալը չի, հայրենասիրությունը սեփական հողում ապրելն ու արարելն ա»։
Այժմ սրճարանի կեսը Ալլան տվել է պատերազմի հետևանքով Հադրութից փախած ընտանիքի․ անվանել են Դիզափայտ «Կատարո»։
«Հադրութցիները պատերազմից հետո աշխատելու տեղ էին փնտրում։ 90-ականներին, երբ Տողն ազատագրում էին, Կոմանդոսն էնտեղ էր, ես էլ Եղեգնաձորի ջոկատի հետ էնտեղ էի, օպերացիային էին պատրաստում։ Կոմանդոսն ինձ ասաց՝ «там женщинам не место»: Ուղարկեց մի մեծ ընտանիքի մոտ, մեզ 3 շաբաթ պահեցին, Կիման (տանտիկինը) չէր թողում գործ անեմ։ Հիմա պարզվեց՝ Հադրութից եկած կինը Կիմայի աղջիկն ա։ Տես, աշխարհն ինչ կլոր ա,- ժպիտը կրկին վերադառնում է Ալլայի դեմքին։- Ասացին, որ լրիվ թողել են՝ տունը, ավտոները, դաշտեր։ Բայց չեն կոտրվում, կենդանի են մնացել՝ արդեն երջանկություն է։ Տարածքը տվել եմ, 2 ամիս աշխատել են, սենյակ կա հանգստի, հենց էնտեղ էլ հիմա մնում են։ Ապրում ենք, էլի»։
Միայն թեյով ու կոնֆետներով, սակայն, Ալլայի նվերները չեն վերջանում․ ինձ իր այգուց վարդեր է քաղում ու գեղեցիկ փունջ հավաքում (ամենաթանկարժեք խանութների փնջերից հազար անգամ ավելի լավը)։
«Թեյի համար ծաղիկները Ավետարանոցից էի հավաքում, Ավետարանոցը չմնաց, հիմա մենակ Ասկերանից ու Մարտակերտից եմ հավաքում,- նվեր թեյս ծաղիկների հետ տալիս է ու ինձ ամուր գրկում։- Հաջորդ անգամ ավելի երկար ժամանակով կգաս, սպասելու եմ»։
Մեքենայի պատուհանից մի վերջին անգամ էլ եմ նկարում Ալլային՝ ժպտացող, փարթամ ու ծիծաղկոտ վարդերի տեսարանին։