Եվրամիությունը Թուրքիային նորից չի ներառել այն երկրների ցուցակում, որոնց համար առաջիկայում հանվելու են կորոնավիրուսով պայմանավորված ուղևորության սահմանափակումները։ ԵՄ-ից դեպի մի շարք երկրներ ուղևորությունները այսուհետ կիրականացվեն առանց սահմանափակումների։ Արտոնյալ երկրների շարքում են՝ Ճապոնիան, Իսրայելը, Նոր Զելանդիան, Ռուանդան, Ավստրալիան, Սինգապուրը, Հարավային Կորեան և Թաիլանդը։ Թուրքիան շարունակում է մնալ ռիսկային երկրների շարքում։ ԵՄ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս «նարնջագույն» երկրների ցանկում ներառված Թուրքիա մեկնել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Նույն կերպ Թուրքիայից Եվրոպա կարող են մեկնել միայն եվրոպական երկրների քաղաքացիություն կամ բնակության իրավունք ունեցող անձինք։
Աշխարհի մի շարք երկրներում մեկնարկել են մինչև 30 տարեկանների պատվաստումները: Իսրայելում երեկվանից սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստել 12-16 տարեկաններին: Անչափահասներին պատվաստում են Pfizer/BioNTech ընկերության պատվաստանյութով: Մեծ Բրիտանիայում նույնպես 30-ից ցածր տարիքի անձանց համար հասանելի է դարձել քովիդ-պատվաստումը։ Չինաստանի իշխանությունները հավանություն են տվել սեփական արտադրության Sinovac հակակորոնավիրուսային պատվաստանյութով երեխաների և դեռահասների պատվաստմանը: Պատվաստանյութը կօգտագործվի 3-17 տարեկան երեխաների շրջանում: Նշենք, որ Իսրայելը հունիսից նախատեսում է չեղարկել իր բնակիչների համար Covid-19-ի հետ կապված բոլոր սահմանափակումները։ Իսրայելում բնակչության 55 տոկոսը՝ ավելի քան 5 մլն մարդ, արդեն երկու անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։
Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը պետք է անհապաղ լուծվի. երկրի անկախությունը վտանգված է՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Առաջիկայում Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովը: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն Կիևից պատվիրակություն չի հրավիրել հանդիպմանը: Զելենսկին շեշտել է, որ Դաշինքի անդամակցության հարցը պետք է անհապաղ լուծվի, քանի որ երկրին հենց հիմա է օգնություն պետք:
Պակիստանում 30-ից ավելի մարդ է զոհվել երկու մարդատար երկաթուղային շարժակազմերի բախման հետևանքով: Ավելի քան 65 հոգի ծանր վիրավորումներ է ստացել: Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Իրավապահները դեպքի պատճառների մասին դեռ չեն մանրամասնել: