«Բարգավաճ Հայաստանը» պաշտոնական քարոզարշավն սկսում է «Անվտանգ հայրենիք, հզոր պետություն» կարգախոսով: «Բարգավաճի» համար առաջնահերթությունը երկրի անվտանգությունն է, հետո տնտեսության ու հզոր պետության ստեղծումը: ԲՀԿ ցուցակի 3-րդ համար, առաջին կին թեկնածուն ներկայացնում է կուսակցության նախընտրական քայլերը:
Իվետա Տոնոյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, ԲՀԿ) - Այս քարոզարշավին ԲՀԿ-ն ունենալու է ակտիվ քարոզչություն, Գագիկ Ծառուկյանը մարզերում անձամբ է ներկայացնելու նախընտրական ծրագիրը:
Արտաքին հարաբերությունների մասին. անվտանգ և հզոր պետություն ունենալու երաշխիքը «Բարգավաճ Հայաստանը» համարում է Ռուսաստանի Դաշնության հետ նոր ռազմաքաղաքական պայմանագրի կնքումը, գերնպատակը՝ Արցախի անվտանգության ապահովումը:
Արման Աբովյան (ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, ԲՀԿ) - Մեր գերնպատակը եղել է, կա և մնում է Արցախի անվտանգությունը և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը:
Եթե «Բարգավաճն» իշխանություն դառնա, խոստանում է թեթևացնել հազարավոր քաղաքացիների վարկային բեռը:
Արթուր Գրիգորյան (ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Որոշվել է մինչև 3 մլն դրամ վարկերը պետք է մարվեն, կատարվել են վերլուծություններ, կան հաշվարկներ: Այս ծրագիրն իրատեսական է:
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանն էլ քաղաքաշինական ծրագրերն է ներկայացնում, առաջարկում հին շենքերի տեղերում նորերը կառուցել ու տալ տանտերերին:
Վերջում կոչ՝ ուղղված քաղաքական ուժերին: Իվետա Տոնոյանը պայքարի դուրս եկած բոլոր կուսակցություններին հորդորում է զերծ մնալ ատելության ու թշնամանքի տարածումից: