Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի առանձնատներից մեկում գործում է ապօրինի խաղատուն։
Մի խումբ անձինք, առանց պետական գրանցման և առանց հատուկ թույլտվության լիցենզիայի, 2019 թվականից վարձու խաղավարների միջոցով առանձնատանը կազմակերպել են կենդանի «պոկեր» տեսակի շահումով խաղեր, որոնց շրջանակներում մասնակիցներից յուրաքանչյուրի շահումից 5 տոկոսի չափով գանձումներ կատարելով՝ ապօրինի խաղեր կազմակերպողներն ստացել են շահույթ և չեն վճարել գործունեության համար սահմանված պետական տուրքը, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս։
Հունիսի 3-ին ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 20 անձի, կատարել են զննություններ, հայտնաբերել խաղատնային պարագաներ, որոնք առգրավվել են։ Բերման ենթարկված անձանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված։ Նշանակվել են փորձաքննություններ։
Փաստի առթիվ ՔՈԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: