Ամերիկյան Նևադա նահանգի հանրային դպրոցների ավագ դասարանների աշակերտները շուտով խորությամբ կուսումնասիրեն Հայոց ցեղասպանության թեման: Օրեր առաջ Նևադայի նահանգապետ Սթիվ Սայսոլակը օրենք է ստորագրել, որի համաձայն սահմանվում է Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության կրթությունը հանրային դպրոցներում:
Լենա Հովհաննիսյան (Հայ դատի հանձնախմբի Նևադայի գրասենյակի համանախագահ, իրավաբան) - Շատ կարևոր է դպրոցներում դասավանդել մարդկային պատմության այս էջը: Այն, թե ինչպես է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն ազդել պատմության ընթացքում ցեղասպանության հետագա դեպքերի վրա: Մոտ մեկ տարի էր՝ սկսել էինք մշակել օրինագիծը, և հետաքրքիր է, որ հենց այդ շրջանում Արցախում տեղի ունեցավ պատերազմ: Դա ցույց տվեց, որ մենք դեռ բախվում ենք ցեղասպանության թողած հետքերին՝ կրկին գործ ունենալով Հայոց ցեղասպանության մեղավորների հետ, որոնք երբևէ պատասխանատվության չեն ենթարկվել ու շարունակում են պնդել, որ ցեղասպանություն չի եղել:
Ամերիկայում նման կրթական ծրագրի իրականացումն աննախադեպ չէ: Ավելի քան մեկ տասնյակ նահանգներում արդեն դասավանդվում է Հայոց ցեղասպանության մասին առարկան: Լենա Հովհաննիսյանի խոսքով՝ սա հատկանշական իրադարձություն է, քանի որ Նևադայի՝ 20000-անոց հայ համայնքը Միացյալ Նահանգներում ամենաակտիվներից է և շարունակում է աճել: Բացի այդ, նահանգում անջնջելի հետք են թողել ու Հայոց ցեղասպանության ճանաչման համար մշտապես պայքար են մղել հայազգի խոշոր գործարար ու բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանը և բասկետբոլի հայտնի մարզիչ Ջերրի Թարխանյանը՝ առավել հայտնի Թարք Գիշատիչ մականվամբ: Նրանք ևս Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներ են:
Թեպետ նման նախաձեռնությունները հաճախ բախվել են դիմադրության՝ հատկապես Միացյալ Նահագներում գործող թուրքական համայնքի ներկայացուցիչների կողմից, այնուամենայնիվ, ըստ Հովհաննիսյանի՝ հայ համայնքի ներկայացրած փաստարկները մշտապես շատ ավելի հիմնավոր են եղել, ինչն էլ օգնել է հաջողություն արձանագրել դեպի արդարություն տանող ճանապարհին:
Լենա Հովհաննիսյան - Երբ առաջ քաշվեց օրինագիծը, և մեր շահերը ներկայացվեցին Կրթության հանձնաժողովին, Նահանգային ժողովին և Սենատին, մեր ձայնը պետք է լսելի դառնար: Այն չէր կարող անտեսվել:
Նահանգի կրթության վարչության կազմում շուտով կստեղծվի հատուկ հանձնաժողով՝ ուսումնական ծրագրի մշակման և դասերի նախապատրաստման գործընթացն ապահովելու համար: Բացի Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության թեմաներից, աշակերտները նաև կուսումնասիրեն Կամբոջայում, Դարֆուրում, Գվատեմալայում և Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանությունները:
Հեղինակ՝ Սյուզի Մուրադյան