Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Եգոր Զայցևի, ԱՀԿ իմունիզացիայի գծով խորհրդատուներ Ալեքսանդր Կվիտաշվիլիի և Լյուդմիլա Նիազյանի հետ:
ԱՀԿ-ի առաքելության ներկայացուցիչները ժամանել են Հայաստան երկրում կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ հետազոտություններ և իրավիճակի բարելավման նպատակով խորհրդակցություն անցկացնելու համար:
Պատվիրակության անդամները նախարարի պաշտոնակատարին են ներկայացրել իրենց դիտարկումները, առաջարկել մշակել միասնական ռազմավարություն համավարակի դեմ պայքարի, մասնավորապես` պատվաստումային գործընթացի կազմակերպման հարցում:
Մասնագետները բարձր են գնահատել Երևանում և մարզերում շարժական պատվաստումային կետերի աշխատանքը, հասանելիությունն ու արդյունավետությունը։
Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում իրականացված և ընթացիկ իրազեկման աշխատանքները` հավելելով, որ հայկական կողմը միշտ պատրաստակամ է ԱՀԿ-ի հետ համատեղ գործունեություն ծավալելու: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հակաբիոտիկների չարաշահմանը, որը խնդիր է ամբողջ աշխարհում:
Հանդիպման ավարտին ներկայացվել են հակաբիոտիկների կիրառման ծավալի կրճատմանն ուղղված առաջարկներ, ինչպես նաև քննարկվել են COVID-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ տարածվող ապատեղեկատվությանն ու անվստահությանը վերաբերող հարցեր: