«Վերելք» կուսակցության քարոզարշավը մեկնարկել է պահեստազորի զինվորականների հետ հանդիպումով: Մեկ ամիս առաջ ստեղծված ուժը ռազմաքաղաքական ուղղվածություն ունի: Քաղաքականություն են մտել առաջին հերթին բանակի ու անվտանգության հարցերը լուծելու համար:
Ալեքսան Մինասյան («Վերելք» կուսակցության ցուցակի 1-ին համար) - Դուք այն մարտիկներն եք, մենք ուզում ենք պետականությունը հզորացնել միայն մի ճանապարհով՝ մասնագիտական ուղղվածությունը ուղղելով:
Մինչև ընտրությունների ելքը հայտնի կդառնա, առաջին քայլերն արդեն արել են: Ակտիվ պահեստազորի ծրագիր են սկսել: Պատերազմից հետո աշխարհազորին վերապատրաստում ու կամավորական ջոկատներով սահման են ուղարկում՝ մարտական հերթապահության:
Ալեքսան Մինասյան - Պարտավոր եմ ստեղծելու այն հզոր բանակը, որը հնարավորություն կտա քաղաքականությունը հզորացնելու, քաղաքական գործիչները վստահ լինեն՝ իրենց կողքը կանգնած է բանակ, որն իրենց խոսքը գետնով չի տա:
«Վերելքի» վարչապետ թեկնածուն պահեստազորի գնդապետ է, վստահեցնում է՝ բանակը լավ գիտի: Առաջնային ծրագրերում են նաև ռազմարդյունաբերության ու զինվորականների սոցիալական հարցերը:
Քաղաքական ուժը նաև տնտեսությունն ակտիվացնելու, զարգացնելու ծրագրեր ունի: Խոստանում են երկրում լուծել նաև որակյալ կրթության հարցը:
Ալեքսան Մինասյան - Մենք ուզում ենք որ հավասար կրթություն ստանան բոլորը: Առաջարկելու ենք երկարօրյա դպրոցների ստեղծումը:
«Վերելք» կուսակցության ցուցակը մեծ չէ՝ հիմնականում երիտասարդ գիտնականներ են ներառված: Խոստանում են նախընտրական ծրագիրը 4 տարում իրականացնել, երկիրն էլ անվտանգ դարձնել:
Հեղինակ՝ Քրիստինե Ոսկանյան