«Հանրապետություն» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը սկսեց խորհրդանշական ձևով՝ Հանրապետության փողոցից և Հանրապետության հրապարակից: Կուսակցության ղեկավար և վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը լրագրողներին հայտնեց՝ խորհրդարանի արտահերթ ընտրությանը մասնակցում են օրինակելի հանրապետություն ստեղծելու նպատակով:
Արամ Սարգսյան («Հանրապետություն» կուսակցության ցուցակի 1-ին համար) - Հանրապետություն, որում մարդիկ պաշտպանված են արտաքին թշնամիներից, որում մարդիկ կարողանում են ինքնուրույն իրենց ինքնությունը պաշտպանել և գոյատևել:
Կուսակցության ղեկավարը ընտրություններից հետո կոալիցիաների հնարավորությունը չի բացառում, բայց հակված են ստանալ այնքան քվե, որ մյուս ուժերն իրենց առաջարկեն միասին իշխանություն ձևավորել:
Արամ Սարգսյան - Համոզված եմ, որ այս ընտրությունների արդյունքում պարտադիր է լինելու կոալիցիաների ձևավորումը:
«Հանրապետություն» կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավը կշարունակի հնարավորինս անաղմուկ: Արամ Սարգսյանի խոսքով՝ հետպատերազմական Հայաստանում իրենց քաղաքական ուժը չի պատրաստվում բակերում բարձրախոսներով, երգերով ու վանկարկումներով քարոզչություն իրականացնել:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան