Նախընտրական քարոզարշավի իրենց մեկնարկը «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության անդամներն ու համակիրները տվեցին Երևանի կենտրոնում: Կուսակցության անվանը և գեղափարախոսությանը հավատարիմ՝ քաղաքական ուժը գործի անցավ միայն քահանայի օրհնությունը ստանալուց հետո:
Նախ բուն միջոցառման մեկնարկը՝ կուսակցության առաջին համարը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարեց՝ չնայած նորաստեղծ քաղաքական միավոր են, սակայն պատրաստ են գրավել ընտրողի ուշադրությունը:
Արա Զոհրաբյան («Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության 1-ին համար) - Մեզ համար նպատակ է ազգային քրիստոնեական արժեքների վրա հիմնված հզոր պետություն կառուցելը: Եվ բնական է, դրա համար պետք է ունենաս քաղաքական լծակ: Հետևաբար, սա միջոց : Ինչպես որ մեր անվանումն է՝ «Զարթոնք», մենք փորձելու ենք արթնացնել մարդկանց:
Հենց այս նպատակով էլ կուսակցության անդամները շարժվեցին մայրաքաղաքի փողոցներով՝ քաղաքացիներին նախընտրական բուկլետներ բաժանելով: Պարզվեց՝ նրանք այդ գործում միայնակ չէին:
Կուսակցության գործադիր մարմնի անդամ Վահագն Չախալյանի կարծիքով՝ սոցհարցումների արդյունքները չեն արտացոլում իրականությունը, իսկ քարոզարշավն էլ նոր է մեկնարկել, ամեն ինչ կարող է փոխվել:
Վահագն Չախալյան («Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի անդամ) - Վստահ եմ, որ շատ լուրջ արդյունքներ կգրանցենք: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը դեմ է այդ այլասերված արժեքներին:
«Զարթոնքի» անդամները մոտ ապագայում պատրաստվում են մանրամասնորեն ընտրողներին ներկայացնել կուսակցության ծրագիրը:
Քաղաքական ուժը ընտրաթերթիկներում 4-րդ համարի ներքո է: