«Արդար Հայաստանը» քարոզարշավն սկսեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Զորավար Անդրանիկի արձանի մոտ՝ երկու պատճառով. նախ կուսակցության առաջնորդն այս վարչական շրջանում է բնակվում, երկրորդ՝ Զորավարի հայտնի խոսքն իր կյանքի կարգախոսն է:
Նորայր Նորիկյան, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ - Գլուխներդ բարձին դնելով՝ ինքներդ ձեզ հաշիվ տվեք, թե ինչ եք արել մեր ժողովրդի, մեր ազգի համար;
Կուսակցության առաջնորդի համար անընդունելի կետեր շատ կան, բայց դրանց մասին կխոսի ավելի ուշ: Նորիկյանի կարծիքով՝ Երրորդ Հանրապետության ղեկավարները Հայաստանը զարգացման ճիշտ ճանապարհով չեն տարել, պետական ինստիտուտներն աշխատել են ոչ արդյունավետ: Իրենք գալիս են՝ բերելով նոր կառավարման մշակույթ:
Նորայր Նորիկյան - Ներքին ու արտաքին մարտահրավերները եկան մեկ անգամ ևս հավաստելու, որ Հայաստանի իմիջի փոփոխության խնդիր կա: Մենք պարտավոր ենք յուրաքանչյուրս մեզանից սկսած՝ մեկնարկել այնպիսի քայլեր, որ առաջիկա տասնամյակում փոխենք մեր երկրի իմիջը:
Երկրի իմիջի փոփոխության կարևոր պայմանը, ըստ կուսակցության, արդար Հայաստանի ստեղծումն է: Նորիկյանի պնդմամբ՝ կա արդարության ճգնաժամ, որն էլ խանգարում է խորքային հարցերի լուծմանը: Կամք է անհրաժեշտ՝ խելացի երկիր և խելացի հասարակություն ունենալու համար:
Նորայր Նորիկյան - Հենց մեր կուսակցության անվան մեջ է պարունակվում այն ամբողջ արժեհամակարգը, որը մենք պատկերացնում ենք վաղվա Հայաստանի մակետը՝ «Արդար Հայաստան, արդար հասարակություն»:
Տարածաշրջանում ավելացել է Ռուսաստանի ազդեցությունը, Նորիկյանի պնդմամբ՝ դժբախտաբար նաև Թուրքիայի դերակատարությունը: Կուսակցությունը կարծում է, որ պատերազմը վերաիմաստավորելու խնդրի առաջ է կանգնեցրել հայ քաղաքական միտքը:
Նորայր Նորիկյան - Արցախյան աղետը ոչ թե հայ զինվորի, հայ ռազմիկի, զենքի պարտություն էր, այլ հայ քաղաքական մտքի:
Պետք է ավելի ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նորիկյանի համար Հայաստանի ռազմավարական խնդիրն է վարել հավասարակշռված արտաքին քաղաքականություն՝ մի կողմից չվնասելով անվտանգային միջավայրին; Միևնույն ժամանակ՝ հնարավորություն ստեղծել անվտանգային այլ միջավայր որոնելու: Կուսակցությունը ծրագրերի մասին ավելի մանրամասն կխոսի մինչև հունիսի 18-ը: Երևանից հետո, եթե հնարավորություն լինի, կայցելեն մարզեր՝ քաղաքացիների հետ պարզապես անկեղծ զրուցելու: