ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի կայքը:
Կողմերը մանրակրկիտ քննարկել են Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունների հետ կապված հարցերը, ինչպես նաև մի շարք հրատապ միջազգային խնդիրներ:
Պուտինն ընդգծել է, որ չնայած Ռուսաստանը և Եվրամիությունը շարունակում են միմյանց համար մնալ նշանակալի գործընկերներ առևտրի և ներդրումների ոլորտում, Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների ներկա վիճակը չի կարելի բավարար համարել:
Կողմերը կարծիք են հայտնել փոխգործակցության ընդլայնման կարևորության մասին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, կլիմայի օրակարգը և տարածաշրջանային հակամարտությունների լուծումը:
Պուտին-Միշել հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակը, հաշվի է առնվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների հետևողական իրականացման կարևորությունը: Ըստ Կրեմլի՝ առաջնային խնդիրներից են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, բնակչության հումանիտար խնդիրների լուծումը: Շառլ Միշելը աջակցություն է հայտնել կատարվող աշխատանքներին, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահների գծով:
ՌԴ նախագահն անդրադարձել է Եվրամիության կողմից Բելառուսի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին, շեշտել է այդ մոտեցման ոչ արդյունավետությունը:
Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամի հարցում կողմերն ընդունել են, որ Մինսկի 2015 թ. «Միջոցառումների փաթեթը» մնում է կարգավորման անվիճելի հիմք: