Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մեկ շաբաթ առաջ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել հանդիպել Ռուսաստանի հետ: Նա նշել, որ ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստ չի կայացել արդեն 19 ամիս: «Մենք Ռուսաստանի կառավարությանը հրավիրել ենք հանդիպման մեկ տարի առաջ, բայց դրական արձագանք չենք ստացել»,- ասել է Ստոլտենբերգը Die Welt-ի հետ հարցազրույցում:
«Գնդակն այժմ Ռուսաստանի կողմն է: Ես կցանկանայի մոտ ապագայում մեկ անգամ ևս Մոսկվային հրավիրել մասնակցելու Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստին: Մենք քննարկման բազմաթիվ թեմաներ ունենք, որոնք համապատասխանում են ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ընդհանուր շահերին»,- ավելացրել է դաշինքի գլխավոր քարտուղարը:
Այն հարցին, թե կոնկրետ ինչ թեմաներ պետք է քննարկվեն, Ստոլտենբերգն ասել է. «Օրինակ՝ ռազմական մանևրների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում` թյուրիմացությունները և հնարավոր էսկալացիան կանխելու համար: Ինչպես նաև բավարար թափանցիկություն երկու կողմերի ռազմական գործողություններում, որպեսզի հնարավոր լինի խուսափել ոչ կանխամտածված միջադեպերից օդում և ծովում»:
«Սառը պատերազմի ավարտից ի վեր ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հարաբերություններն այսօր հասել են ամենացածր մակարդակին: Երկխոսությունը լարվածությունը թուլացնելու լավագույն միջոցն է»,- ընդգծել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Նրա խոսքով, ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը հարմար ձևաչափ է այդ նպատակի համար: